Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Սինգապուրի ՆԳ նախարարի հետ․ քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

330391001_921676785548405_3840338513717193767_n.jpg

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Սինգապուրի ներքին գործերի և սոցիալական ու ընտանիքի զարգացման նախարարությունների պետական նախարար Սան Շուեյլանգի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության, խնամատարության ինստիտուտի զարգացման, սոցիալական պաշտպանության ոլորտի թվայնացման վերաբերյալ։

Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին տրամադրվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված աշխատանքները, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված ծրագրերը և այլն։

Սան Շուեյլանգը հետաքրքրվել է Հայաստանում խնամատարության ինստիտուտի և այդ ուղղությամբ փորձի փոխանակման հնարավորության մասին։ Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող շարունակական աշխատանքները՝ թե՛ հասարակության շրջանակում ինստիտուտի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման, թե՛ ընտանիքների կարողությունների զարգացման ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ոլորտային հուշագրի ստորագրման հնարավորությունը․ նախարարները պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։

--00—ԶՀ