Իրական շահառուի հայտարարագրման իրական խութերը. Գրիգոր Բեքմեզյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

timthumb

Իրավական գիտությունների թեկնածու, ԲԴԽ նախկին անդամ Գրիգոր Բեքմեզյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է իրական շահառուի հայտարարագրման իրական խութերը։

«Սիրելի ժողովուրդ և հատկապես մինչև ապրլի 1-ը «փութաջանությամբ» իրական շահառուի հայտարարագիր ներկայացնող իմ իրավագիտակից հասարակություն, եկել եմ կիսվեմ Ձեզ հետ մի շատ կարևոր բացահայտմամբ, որը երեկ երեկոյան նկատեցի (եթե ճիշտ չեմ, ասեք, հաճույքով կհամաձայնվեմ)։

Ուրեմն տեսեք ինչ է ստացվում. 2022թ. վերջում հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ներդրվեց «Եկամուտների համընդհանուր հայտարարագրման» ինստիտուտը, որի ուժով մինչև 2025թ., ըստ փուլերի, տարբեր կատեգորիայի ֆիզիկական անձինք պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագրեր։

Ըստ այդ փոփոխությունների՝ 2023թ. տարվա համար հաշվետվություն պետք է ներկայացնեն ի թիվս 20 մլն դրամից ավել փոխառություն ունեցողների, հանրային, պետական կամ համայնքային ծառայողների և այլն, նաև ՀՀ ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում։ Իսկ եթե չեք մոռացել Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին օրենքով իրական շահառուի հասկացությունը բացվում էր հենց «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին հղում անելով։

Այսինքն ստացվում է, որ իրական շահառուի հայտարարագրի ներկայացման դեպքում բոլոր այն անձինք, ովքեր հանդիսանում են ՀՀ քաղաքացի ու ռեզիդենտ և նշվել են որպես իրական շահառու, այս տարվա համար պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։

Ավելի պարզ, եթե Դուք իրավաբանական անձի (ընկերություն, հասարակական կազմակերպություն, հիմնադրամ) տնօրեն եք, ինչ որ ընկերության բաժնետեր կամ մասնակից եք և նշվել եք իրական շահառուի հայտարարագրում (անկախ եկամուտների ծավալից, գործում է իրավաբանական անձը, թե ոչ), ապա անպայման գույքագրեք Ձեր այս տարվա եկամուտները, որ կարողանաք հայտարարագիր ներկայացնել քանի որ տարվա արդյունքներով հայտարարագիր չներկայացնելը կամ սխալ ներկայացնելը կարող է առաջացնել պատասխանատվություն»։

--00—ՅՄ