Փաշինյանի և Պուտինի մեջ կոշտ զրույց է եղել, պատահական չէ, որ ՀՀ-ն չմասնակցեց ՆԱՏՕ-ի զորավարժությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

ՀՀ-ի կողմից վեկտորի փոփոխման միտումներ կային, բայց այն կանխվեց: Մեկ օրում Հայաստանը չէր կարող հայտնվել ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցության ցուցակում և տեղեկությունը հրապարակվեր Պենտագոնի պաշտոնական կայքում, հետո հեռացվեր: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Փաշինյանի և Պուտինի միջև բավական կոշտ զրույց է եղել: Փաշինյանը հասկացել է, որ ինքն այն գործիչը չէ, ով կարող է ազդեցիկ ուժային կենտրոնների հետ խաղերի մեջ մտնել ու անվնաս դուրս գալ, հասկացել է, որ դա կարող է անդառնալի կորուստներ ունենալ: Տեղեկություններ կան, որ Փաշինյանը բավական երկար ժամանակ փորձել է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ, բայց մերժվել է, պատճառը Հռոմի ստատուտին միանալու որոշումն է: ՌԴ կոշտ արձագանքից կարելի է պատկերացնել, թե իրականում ինչ հետկուլիսային խոսակցություններ են եղել ՀՀ դեսպանի հետ»,- ավելացրեց Հակոբյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում Հայաստանի մասնակցելու և որոշ ժամանակ անց մասնակիցների ցանկից հեռացնելու հանգամանքին:

Անդրադանալով Տեղ գյուղում ադրբեջանցիների դիրքային առաջխաղացմանը` Հակոբյանը նկատեց, որ վերջին շրջանում ադրբեջանցիները հրաժարվել են ուժային ձևով հարցը լուծելու տեխնոլոգիայից, ամեն օր առաջ են գալիս և անմիջապես ինժեներական աշխատանքներ են իրականացնում, որ էլ ավելի առաջ գան, սա խոսում է պայմանավորվածությունների մասին:

«Երբ մարտի վերջին ադրբեջանցիները շարժվեցին դեպի Լաչինի վերջին հատված, Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ ասաց՝ ոչինչ չի փոխվել, ՀՀ-ն սահմանապահ զորքեր է այնտեղ տեղակայելու, այսինքն՝  ՀՀ ՊՆ ստորաբաժանումները հետ են քաշվում և փոխարինվում են սահմանապահներով, ինչը նշանակում է, որ ՀՀ-ն ամրագրեց այն գիծը, որտեղից պետք է գծվի սահմանը: Հանցավոր պրակտիկան շարունակվում է, ինչպես առանց դելիմիտացիայի Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին տրվեց, նույնն էլ այս դեպքում է: Դելիմիտացիա դեռ չի իրականացվել, բայց Փաշինյանը թույլ է տվել, որ ադրբեջանցիները 80 հեկտար գրավեն: Տեղ գյուղի բնակիչները պետք է իմանան, որ եթե թույլ տան ադրբեջանցիները հաստատվեն այդտեղ, Ադրբեջանը անցակետ  է դնելու և Տեղ գյուղից դեպի Արցախ գնացող ճանապարհը վերցնելու են իրենց վերահսկողության տակ: Գյուղացիները գուցե հիշեն, որ կա ինքնապաշտպանության մեխանիզմ, որը կար 1988-ին»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ՅՄ