Փաշինյանը 2 անգամ փորձեց Պուտինին նվաստացնել, ինչը չի ներվի, ստատուտը չպետք է ուժի մեջ մտնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ալիևը մտադիր է անկլավների անվան տակ նոր տարածքներ գրավել, մինչև Գրանադա գնալը Փաշինյանը հանդիպումը շրջադարձային էր համարում, միգուցե Ադրբեջանի համար է շրջադարձային։ Գրանադայում ստորագրվածի արդյունքում ոչ միայն չսեղմվեցին ու չչեզոքացվեցին սպառնալիքները, այլև Հայաստանի համար նոր սպառնալիքներ ստեղծվեցին։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Եթե որպես անկլավ Տիգրանաշենը տանք Ադրբեջանին, այնտեղ լցվելու են ոչ թե քաղաքացիական անձինք, այլ դառնալու է Ադրբեջանի համար օրինական ռազմաբազա, որտեղ տեղակայելու է իր ռազմական կարողությունները։ 2022-ի սեպտեմբերից Ջերմուկի սարերում ադրբեջանական զինվորականներն են, մյուս կողմում՝ Տիգրանաշենում, լինելու է ադրբեջանական զորքը, եթե երկու-երեք կրակոց լինի դեպի հարավ, այլևս Հայաստանից դեպի Սյունք ոչ մի մեքենա չի գնա, սա Սյունիքը իզոլացնելու լավագույն հնարավորությունն է, Ադրբեջանին սա նվեր է»,- ընդգծեց Հարությունյանը։

Անդրադառնալով Հայաստան - Ռուսաստան հարաբերություններին և այնտեղից հնչող հայտարարություններին՝ նախկին վարչապետը նկատեց, որ հարաբերությունները վերածվում են խորացող թշնամանքի․ «Հռոմի ստատուտի վավերացումով դե ֆակտո ՀՀ քաղաքական ղեկավարությունը Պուտինին համարում է «պերսոնա նոն գրատա», այդ քայլով հարվածում են Պուտինի հեղինակությանը։ Փաշինյանը երկու անգամ փորձեց Պուտինին նվաստացնել, առաջին անգամ 2019-ին օդանավակայանում չդիմավորեց, իսկ նման բաները լիդերները չեն ներվում։ Արդեն տեսնում ենք առաջին քայլերը՝ Լարսում կանգնած է կոնյակի արտահանման հսկայական քանակություն, սա դեռ «ծաղիկներն» են, Ռուսաստանը չի խորշի տարբեր պատրվակներով սահմանը փակել բոլոր արտահանող ապրանքների համար։ Ութ ամսում արտահանման ծավալը 4,5 մլրդ է կազմել, որից 4,2-ը ՌԴ շուկան է, եթե չթույլատրեն, ի՞նչ ենք անելու, Եվրոպա՞ն է  բացելու, ասի՝ արտահանեք ձեր ապրանքը»։

Հարությունյանի համոզմամբ, պետք է փորձել մեղմել Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՌԴ-ի հետ թշնամանալը մահացու վտանգ է, հետևաբար՝ պետք է կասեցնել Հռոմի ստատուտի՝ ուժի մեջ մտնելու գործընթացը և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները դնել «պաուզայի» վրա, քանի որ աշխարհաքաղաքական դասավորումներ են տեղի ունենում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ