Իրանում նոր ԱԹՍ են փորձարկել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

0a64d965-5c76-49bf-a53b-80ca10857217.jpg

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը նոր մահապարտ անօդաչու թռչող սարք են մշակել, որը կարող է խոցել թիրախները՝ անցնելով  450 կմ տարածություն: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությանը:

Tasnim-ի հետ զրույցում ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի Հետազոտությունների և ինքնաբավության ջիհադ կազմակերպության ղեկավար, գեներալ Ալի Քուհեստանին ասել է, որ հաջողությամբ փորձարկվել է նոր ԱԹՍ-ն, որը ստացել է «Me’raj-532» անվանումը:

Գեներալի խոսքով՝ հայրենական արտադրության մահապարտ ԱԹՍ-ն հագեցած է մխոցային շարժիչով և կարող է անցնել 450 կիլոմետր հեռավորություն` միակողմանի առաքելությամբ։

Անօդաչուն կարող է մեկնարկել մեքենայից, կարող է բարձրանալ մինչև 3600 մետր և օդում մնալ մինչև 3 ժամ: Քուհեստանին հավելել է, որ ԱԹՍ-ն կարող է բարձր ճշգրտությամբ խոցել թիրախները 50 կիլոգրամ կշռող մարտագլխիկով։

Գեներալ Քուհեստանին նաև հայտնել է, որ «Me’raj-532»-ը կարող է հեշտությամբ և արագ հավաքվել և պատրաստվել թռիչքի՝ դառնալով արագ արձագանքման հարմար տարբերակ։

Ըստ պաշտոնյայի՝ ծրագրվում է գործի դնել նոր մարտական, ուսումնական և մահապարտ ԱԹՍ-ներ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի ստորաբաժանումների կողմից իրականացվող տարբեր առաքելությունների համար:

--00—ԶՀ