Ադրբեջանցուն սկզբում նկատել է «Հայանտառի» աշխատակիցը, հետո՝ բնակիչները. նրան ողջ գիշեր փնտրել են

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

1

Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել է լայնմասշտաբ որոնողական աշխատանքների արդյունքում, առաջինը նրան նկատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը։ Այս մասին 24News-ին ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանը՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինծառայողներից 2-րդի հայտնաբերման դեպքին։

«Որոնողական աշխատանքները երեկվանից ամբողջ գիշեր ընթացել են։ Մասնակցել են բոլոր ուժային կառույցները, անձամբ մարզպետը, բնակիչները։ Իմ տեղեկություններով, հայտնաբերվել է Աճանանի վարչական տարածքում»,- ասաց Բալյանը։

«Սկզբից նրան նկատել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը, հետո բնակիչները։ Միասին են եղել, մի քանի վայրկյան տարբերությամբ նկատել են։ Հետո շատ արագ տեղում են եղել իրավապահ մարմինները։ Քանի որ որոնողական աշխատանքներն իրականացվել են բոլոր կողմերի մասնակցությամբ, տեղանքից շատ հեռու չեն եղել»,- եզրափակեց Սյունիքի մարզպետի խորհրդականը։

Սերգեյ Առաքելյան

--00—ԱՊ