Երևանում 17-ամյա տղան մահվան ելքով վրաերթի էր ենթարկել իր ուղղությամբ կրակած 41-ամյա տղամարդուն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News
 

Ապրիլի 14-ին՝ կեսգիշերն անց, անհայտ վարորդը «ԳԱԶ-31105» մակնիշի մեքենայով մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում վրաերթի էր ենթարկել 41-ամյա Սարգիս Այրասյանին, որը մահացել էր:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ 41-ամյա տղամարդը նույն հասցեում «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել էր Ներքին Չարբախի 17-ամյա մի բնակչի ուղղությամբ։

Միջադեպից հետո երիտասարդն իր մեքենայով վրաերթի էր ենթարկել Սարգիս Այրասյանին՝ պատճառելով մահ, ինչից հետո դիմել էր փախուստի: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 18-ին 17-ամյա երիտասարդը ներկայացել է Շենգավիթի քննչական բաժին:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 4 պարկուճ և 3 փամփուշտ։ 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Հանցագործության գործիք ատրճանակն առգրավվել է։

Քրեական վարույթը շարունակվում է:

--00—ԶՀ