Հայաստանի պատմության մեջ ռեկորդ է՝ ապրիլին արդեն հավաքագրվել է 295 մլրդ եկամուտ․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

ֆ

Հայաստանում ապրիլի 26-ի  դրությամբ հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ, դա պատմական ռեկորդ է Հայաստանի պատմության մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը հավանություն տալու մասին հարցի քննարկմանն՝ անդրադառնալով նաև 2023 թ բյուջեին:

«Մենք 2023 թ ապրիլին ունենք պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքագրումների բացառիկ ցուցանիշ: Այսօր դեռ ապրիլի 27-ն է, դեռ մի քանի օր էլ այս ցուցանիշը կբարելավվի: Երեկ երեկոյան  արդեն հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ: ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, որ Հայաստանի պետական բյուջե մուտքագրվի 295 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը:

2022-ին բյուջեով պլանավորածից շուրջ 80 մլրդով ավելի հարկային եկամուտներ են հավաքագրվել: 2022-ի ապրիլին հավաքագրվել է 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին արդեն իսկ հավաքագրվել է 295 մլրդ դրամ: Դա բացարձակ ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ:

Վարչապետը նաև նշեց, որ ապրիլի 1-ից 26-ը հարկ վճարողները վճարել են 158.1 մլրդ դրամ շահութահարկ, որը նույնպես պատմական ռեկորդ է: 2022-ի ապրիլին վճարվել է 98 մլրդ դրամ շահութահարկ: Վարչապետը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, որոնք մարտահրավերներին արձագանքում են ամենօրյա աշխատանքով:

--00—ԱՊ