Բլոկադայի մեջ գտնվող Հին Շենում դեղորայքը վերջացել է, մի քանի օրվա սնունդ է մնացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

սամվել

Դեղորայքը սպառված է, ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ գտնվող Հին Շեն գյուղում մնացել է երկու օրվա սնունդ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը։

Հարցին, թե խաղաղապահները կամ Կարմիր խաչը իրենց որևէ օգնություն ցուցաբերե՞լ են, պատասխանեց․ «Իրենք մտնում դուրս են գալիս, բայց էդ մեզ օգուտ չի»։

Թեև այս պահին համայնքում լուրջ առողջական խնդիր ունեցողներ չկան, բայց Սարգսյանը մտահոգվեց, ասելով, որ երկու օր է դեղորայք չունեն, և շուտով ի հայտ կգան խնդիրներն ու իրավիճակը կբարդանա։

Մեծ Շենի ղեկավարը այն մարդկանց թվում է եղել, որոնք երկու օր առաջ անցել են ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետով, իր հետ գյուղից ևս մեկ բնակիչ է եղել։ 

Սարգսյանի խոսքով, ադրբեջանցիները տեղում մի քանի պահանջներ են ներկայացրել, դրանցից մեկը Ստեփանակերտին «Խանքենդի» ասելն էր, սակայն ոչ ոք այդ պահանջը չի կատարել։ 
«Հիմնականում անձնագրերն ու ավտոմեքենաների բեռնախցիկներն էին ստուգում»,- մանրամասնեց Սարգսյանը։

Ադրբեջանցիների կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մասին համայնքի ղեկավարը նշեց, որ ագրեսիվ պահվածք որպես այդպիսին չեն ցուցաբերել․ «Իրենց դա ձեռնտու չէ, իրենք հիմա փորձում են քաղաքավարի, քաղաքակիրթ ձևանալ, բայց մենք իրենց ճանաչում ենք հազարամյակներով, իրենք էդ մոտեցումը չունեն»,-մատնանշեց Հին Շենի ղեկավարը։

«Ադրբեջանցիներն իրենց արդեն համարում են լիակատար տերերը, մենք էլ ոնց որ հյուրը գա, մտնի տուն»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, լիակատար շրջափակման մեջ թողնելով Շուշիի շրջանի՝ Լիսագոր, Մեծ Շեն, Եղցահող և Հին Շեն գյուղերը։

Մերի Մանուկյան

--00—ՍՊ