Ինչպե՞ս խուսափել օձերից և ի՞նչ անել խայթոցի դեպքում․ ԱԻՊԾ-ն մի քանի խորհուրդ է տալիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

photo_2023-05-11_15-26-14

Մայիսից սկսած թունավոր սողուններն ակտիվանում են։ Սա, թերևս պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացմամբ,  ըստ այդմ հողագործական և շինարարական աշխատանքների ակտիվացմամբ, որն օձերին ստիպում է տեղաշարժվել, լքել նախկին բնակավայրերը և թաքնվել մարդկանց ավելի մոտ «թաքստոցներում»՝ նկուղներում, տնամերձ այգիներում: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Եղանակի տաքացման արդյունքում էլ օձերը դուրս են գալիս թաքստոցից` զով, ստվերոտ տեղ գտնելու, ինչն էլ ավելի հավանական է դարձնում մարդկանց հետ «շփումը»:

Ընթացիկ ամսվա ընթացքում Արցախում արձանագրվել է օձի հայտնաբերման 2 դեպք, որից մեկը` բնակելի տան տարածքում։ Բարեբախտաբար,  խայթոցի դեպքեր չեն գրանցվել։

Օձերի խայթոցից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով  ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը խորհուրդ է տալիս՝

Զբոսնելիս կամ գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս`խուսափել բարձր խոտերից, հագնել երկար, ազատ տաբատ, երկարաթև շապիկ և տաբատի փողքերը դնել գուլպայի կամ կոշիկների մեջ, հագնել երկարաճիտ և ամուր կոշիկներ, օձ պատահելիս չտրորել, չանհանգստացնել, լինել ուշադիր և հետ վերադառնալ նույն ճանապարհով,

հաշվի առնելով, որ օձերը լսում են հողի ցնցումները և տատանումները, այնտեղ, որտեղ կա օձերի առկայության հավանականություն՝ վերցնել ծանր փայտ և հարվածել հողին:

Եթե օձը հասցրել է խայթել, ապա անհրաժեշտ է՝

սահմանափակել տուժածի շարժումները (պառկեցնել կամ նստեցնել նրան), հանել տուժածի վրայից բոլոր ճնշող իրերը և զարդերը, ինչպես նաև նեղ հագուստը, քանի որ կարող է արագորեն այտուց զարգանալ և տարածվել։

Եթե օձը խայթել է վերջույթը, ապա անշարժացնել այն, տուժածին խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (հյութ, թան, թեյ և այլն)։

Ահազանգել կամ կազմակերպել տուժածի պասիվ (պատգարակով կամ աթոռի վրա նստած) արագ տեղափոխումը մոտակա հիվան­դանոց, որտեղ նրան մասնագիտական օգնություն կցուցաբերեն։

--00—ՅՄ