Հուշագիր է ստորագրվել Լոռու և Արմավիրի մարզերի զինհաշմանդամների վերաինտեգրման համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

photo_2023-05-12_17-22-18

Լոռու և Արմավիրի մարզերում բնակվող, 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցների սոցիալ-տնտեսական վերաինտեգրման ու զբաղվածության ապահովման նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև համագործակցության հուշագիր ենք ստորագրել։  

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են կազմակերպել և իրականացնել 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած մասնակիցների կարիքների գնահատման, մասնագիտական կողմնորոշման և զբաղվածության ապահովմանն ուղղված աշխատանքներ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումների ու կարիերայի ուղղորդման ճամբարների կազմակերպման միջոցով մոտիվացնել շահառուներին և ակտիվացնել նրանց կապը գործատուների հետ:

Նախարարությունը հանձն է առել փոխանցել պոտենցիալ շահառուների վերաբերյալ տվյալներ, մեթոդական աջակցություն և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված մասնագետներին, շահառուներին մատուցել մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ծառայություններ՝  ներգրավելով վերջիններիս զբաղվածության աջակցության ծրագրերում։

Հիմնադրամն, իր հերթին, պարտավորվել է իրականացնել շահառուների կարիքների գնահատման աշխատանքներ, կազմակերպել մասնագիտական կողմնորոշման ճամբարներ, ապահովել տնտեսվարողների հետ շարունակական երկխոսություն:

Ծրագրի շահառուներն այս փուլում կլինեն Լոռու և Արմավիրի մարզերում բնակվող 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինվորները․ հետագայում կդիտարկվի միջոցառման՝ այլ մարզերում շարունակականության հնարավորությունը։

Հիշեցնենք, որ ԱՍՀ նախարարության ու «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի միջև ավելի վաղ կնքված համագործակցության մեկ այլ հուշագրի շրջանակում՝ արդեն իսկ  կազմակերպվել և իրականացվել են աշխատանքներ՝ ուղղված Շիրակի մարզում բնակվող 2020 թ․ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորների կարիքների գնահատմանը, մասնագիտական կողմնորոշմանն ու զբաղվածության ապահովմանը։

Մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացներից զատ՝ հիմնադրամի կողմից տրամադրվել է ֆինանսավորում՝ մասնակիցների բիզնես ծրագրերը կյանքի կոչելու նպատակով։

--00—ՅՄ