Բացահայտվել է «Հայինկասացիա» Գյումրու մասնաճյուղից 20 հազար դոլար գողացողի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

ինկասացիա

Մարտի 20-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի) գլխավորությամբ, Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (Կումայրի ոստիկանապետի գլխավորությամբ) համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչների հետ կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, բացահայտել են մարտի 19-ին Շիրակի մարզում «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղից 20 հազար ԱՄՆ դոլար գողանալու դեպքը, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշված գողությունը կատարելու կասկածանքով Շիրակի մարզի ոստիկաններն ու քննիչները որոնում են Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Տարոն Պապոյանին։

Վերջինս աշխատում է «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղում՝ որպես վարորդ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Տ. Պապոյանին և գողացված գումարը հայտնաբերոլու ուղղությամբ։

Նշված քրգործը հարուցվել էր մարտի 19-ին 60-ամյա Վալերի Սարգսյանի դիմումի փաստով։ Վերջինս ոստիկանության Շիրակի մարզային վարչություն էր դիմել և հայտնել, որ մարտի 18-ին, ժամը 12։00-ի սահմաններում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի Երևան քաղաքի Նոր Նորքի մասնաճյուղից «Հայինկասացիա» ՓԲԸ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Շիրակի մասնաճյուղ են տեղափոխել խոշոր չափի գումար։ 

Վ. Սարգսյանը հայտնել էր նաև, որ աշխատանքային օրվա ավարտվելու պատճառով իրենք չէին հասցրել տեղափոխված գումարը հանձնել բանկին և այն ի պահ էին հանձնել «Հայինկասացիա»-ի Գյումրիի մասնաճյուղի՝ Գայի 7 հասցեում գործող պահոցում։ 

Ժամը 10։00-ին իրենք նշված պարկը հանձնել էին «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ին և բանկում պարկը բացելուց հետո պարզվել էր, որ խոշոր չափի գումարի փոխարեն պարկում առկա են «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: