ՀՀ նախագահը «Philos Project»-ի պատվիրակությանն է ներկայացրել ԼՂ հիմնախնդրի բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

57993_b

Հանրապետության նախագահ Վահագն խաչատուրյանն ընդունել է ամերիկյան «Philos Project» կազմակերպության պատվիրակությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահը ողջունել է հյուրերին նախագահական նստավայրում և ընդգծել կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական և այլ բնույթի ծրագրերի կարևորությունը: Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել Հայաստանում և տարածաշրջանում տիրող ընդհանուր իրադրության, ղարաբաղյան հիմնախնդրի բովանդակության ու պատմության վերաբերյալ:

Վահագն խաչատուրյանն անդրադարձել է վերջին տարիներին Հայաստանում կատարված ժողովրդավարական բարեփոխումներին և շեշտել, որ ժողովրդավարական արժեքները Հայաստանում այլընտրանք չունեն:

Զրույցի ընթացքում անմիջական մթնոլորտում նախագահը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին, դրվագներ ներկայացրել անկախությունից հետո Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացներից:

Պատվիրակության ղեկավար Ռոբերտ Նիկոլսոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության և անկեղծ զրույցի համար և «Philos Project» կազմակերպության ու գործընկերների անունից շեշտել իրենց պատրաստակամությունը հնարավորինս նպաստել հայ-ամերիկյան բազմաշերտ կապերի հետագա սերտացմանն ու խորացմանը:

--00—ՅՄ