Nissan-ը Հաղարծինի տարածքում 80 մետր գահավիժել է․ զոհերին ու վիրավորին դուրս են բերել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆԻՍԻ 18, 24News

1

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 80 մետր քարափից գահավիժել է և հայտնվել անանցանելի վայրում։ Այս մասին հայտնում է Shamshyan-ը:

Վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Վիրավորին մեծ դժվարությամբ պատգարակով մոտ 3 կմ ոտքով՝ օպերատիվորեն ժամանած Դիլիջանի շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։ 

Այնուհետև քաղաքացիները, փրկարարներն ու նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Մարտրոսյանի, դասակի հրամանատար Ամրինե Ալիխանյանի և պարեկ Հայկ Ալեքսանյանի գլխավորությամբ, մահացածների դիերը մոտեցրել են դիատարին։ 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։ 

Վթարի մասին ՊԾ Տավուշի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մազյանի գլխավորությամբ։ 

Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։ 

Գ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։ 

 --00—ԱՊ