Ամառային ռազմամարզական ճամբարը պարտադիր է լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 21, 24News

1

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոց՝ հանդիպելու «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի շրջանակում կազմակերպված ռազմամարզական ճամբարին մասնակից աշակերտների հետ:

Ճամբարը նախատեսված է 11-րդ դասարան փոխադրված աշակերտների համար և կազմակերպվում է 5 փուլով` Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման շրջանակում: Առաջին փուլը մեկնարկել է հունիսի 15-ից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը դիտել է ճամբարի մասնակիցների ուսումնական վարժանքը՝ հետևել «Գոյատևման հիմունքներ» և «Կրակային պատրաստություն» գործնական պարապմունքին: Ճամբարականները կատարել են գետանցում, դժվարամատչելի տեղանքի հաղթահարում, ցուցադրել են պայմանական դիվերսիոն խմբի վնասազերծում, ցուցաբերել առաջին բուժօգնություն:

Ողջունելով ճամբարականներին՝ նախարարը նշել է, որ ամառային ռազմամարզական ճամբարները հաջորդ ուսումնական տարվանից պարտադիր են լինելու 11-րդ դասարան փոխադրված բոլոր աշակերտների համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ աշակերտը կունենա պարապմունքների հետ անհամատեղելի առողջական խնդիրներ:

«Արդեն երկրորդ տարին է, ինչ Տավուշի մարզի դպրոցականների ներգրավմամբ՝ մենք հնարավորություն ունենք հասկանալու՝ ինչքանով ենք ճիշտ կազմակերպում ճամբարների աշխատանքը և արդյունավետ փոխանցում այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք կյանքի կարևոր հմտություններ են: Տարբեր իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու, սառը դատողություն ունենալու, սթափ վարվելու, կողքինին օգնելու և պետության լավ քաղաքացի դառնալու համար ճամբարային վարժանքները շատ կարևոր են: Վստահ եմ, որ այս օրերի ընթացքում դուք ոչ միայն սովորում եք առարկան, այլև զարգացնում եք թիմային աշխատանքի և պատասխանատվության զգացումը՝ միասին լուծելով առաջադրված խնդիրները: Համոզված եմ նաև, որ հասցրել եք այս ընթացքում ընկերանալ և նոր գիտելիքներ ձեռք բերել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարը հույս է հայտել, որ աշակերտները ճամբարից կգնան ավելի հասուն ու մեծացած, պատրաստ դժվարություններին, որոնցից որևէ մեկն ապահովագրված չէ. «Իհարկե, մեր բոլորի նպատակն է, որպեսզի խաղաղությունը մեր տարածաշրջանում դառնա իրողություն: Խաղաղության հասնելու ճանապարհին մենք պետք է պատրաստ լինենք նաև դիմագրավելու բոլոր դժվարություններին, և այստեղ կատարած ձեր աշխատանքը չափազանց կարևոր է»: 

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ճամբարը շատ կարևոր է երեխաների համար, քանի որ նրանք գործնական հմտություններ են ձեռք բերում «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայից, որում ինտեգրված է նաև «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան: Հետևաբար, ըստ նախարարի՝ ռազմամարզական ճամբարը հնարավորություն է տալու էապես բարելավել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման որակը:

Նշենք, որ մասնակիցները պարապմունքներն անում են խառը խմբերով՝ տղա և աղջիկ,  նաև օրվա տարբեր ժամերին, որպեսզի, օրինակ, աստղերի օգնությամբ կողմնորոշվեն տեղանքում: Նրանք սովորում են ամենատարրական հմտություններ՝ ինչպես անցնել գետը, կողմնորոշվել անտառային միջավայրում, դժվարանցանելի վայրեր բարձրանալ, գիշերել վրաններում, սովորում են կրակել, հաղթահարել լեռնային պայմաններ և այլն:

ՆԶՊ առարկայի չափորոշչի հեղինակային խմբի ղեկավար Արթուր Կարապետյանի խոսքով՝ ճամբարային փորձը ցույց է տվել, որ «Գոյատևման հիմունքներ»  ուսումնական ծրագրի գործնական պարապմունքների ծավալը պետք է ավելացնել՝ կրճատելով ճամբարային դասընթացի տեսական մասը: «Երեխաները սովորում  են արտակարգ իրավիճակներում կողմնորոշվել, հայթայթել սնունդ, ջուր, կատարել տարբեր բարդ խնդիրներ, ճիշտ կողմնորոշվել տարածքում»,- նշել է Արթուր Կարապետյանը՝ շեշտելով, որ այդ հմտություններն անհրաժեշտ են բոլորին՝ ողջ կյանքի համար:

Արամ Մանուկյանի անվան մարզառազմական մասնագիտացված դպրոցի տնօրեն Արկադի Պետրոսյանի խոսքով՝ հատկապես աղջիկները ճամբարին մասնակցում են ավելի մեծ ոգևորությամբ. «Աղջիկներն ավելի հետաքրքրասեր են ու կարգապահ: Անցյալ տարի անգամ դեպք ունեցանք, երբ տուն գնացած աղջիկներից մեկը նստել էր նույն ավտոբուսը և վերադարձել ճամբար: Աշխատանքների կազմակերպման նպատակով  մանկավարժական թիմում, բացի զինղեկներից, ներգրավել ենք նաև հոգեբանի և այլ մասնագետների»:

Հանրակրթության ոլորտում մարզառազմական ճամբարի ծրագիրն առաջին անգամ փորձարկվել է 2021 թվականին` որպես «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) առարկայի ուսուցման գործնական փուլ: Ծրագիրը ներառված է Հանրակրթության նոր չափորոշչում և ՆԶՊ առարկայի նոր ծրագրում. այն փորձարկվում  է ՀՀ Տավուշի մարզի դպրոցներում:

Զինվորական ստորաբաժանման նմանությամբ, երկու բաղադրիչով՝ տեսական դասերով և գործնական պարապմունքներով, կազմակերպված ճամբարի այս փուլին մասնակցում են Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի դպրոցների աշակերտները՝ շուրջ 138 սովորող: Ճամբարի առաջին հերթափոխը կավարտվի հունիսի 25-ին:

--00—ԱՊ