Նիկոլը մարդկանց կալանավորում է նրա համար, որ մենակ չմնա հիշողության ծակի հետ. Րաֆֆի Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24news

Չեխ գրող Միլան Կունդերան մի անգամ խոսել է «Հիշողության ծակ»-ի մասին, թե ինչպես են ոճրագործները բացում այդ ծակը և խցկում իրենց մեղքերը դրա մեջ։ Ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը արտաքին կամ ներքին լսարանի առջև բացում է բերանը, խցկում է իր ստեղծած ծակի մեջ հայոց պատմությունը, քաղաքակրթությունը, շահը և իրավունքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը

Նա նշեց, որ սկզբում Նիկոլ Փաշինյանի գործողությունները թվում էին անփորձություն, անմեղություն, անմեղսունակություն․ «Բայց հիմա հասկանում եմ, որ դա կանխամտածված է, ծրագրի մի մաս է։ Երբ «ծակ Նիկոլը» ժամերով խոսում է՝ բացելով այդ ծակը, խցկում է այդտեղ ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, շահերը, իրավունքները։ Դա վերաբերում է ՀՀ-ին, սփյուռքին և Լեռնային Ղարաբաղին»,-ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքերով, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախի ժողովրդին սպառնում է ցեղասպանություն, ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում և մարդկանց ուղարկում Ադրբեջանի ծոցը, ինքը դառնում է ցեղասպանության մեղսակից․ «Սա ո՞վ չի կարող տեսնել, սա ավելին է քան դավաճանությունը, ավելի խորքային ու համապարփակ է, սա չարիք է, որը այցելել է մեզ պատմության խորքից։ Պետք է թույլ չտանք, որ մեկ մարդ «հիշողության ծակի» մեջ խցկի մեր պետությունը, մեր ժողովրդին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ