Որևէ հանցագործություն կա՞, թե՞ իրոք չինացիները որոշել են նախընտրական նվեր անել քաղաքապետարանին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News

մեսրոպ

«Փաստորեն, չինական ընկերությունը մի տարի անց «որոշեց» առանց գումարի 30 ավտոբուս նվիրել Երևանին»,- այդ մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով Կառավարության այսօրվա նիստում կայացրած որոշմանը։

Հիշեցնենք, համաձայն որոշման, քաղաքապետարանի կողմից նախորդ տարի կնքված ավտոբուսների ձեռքբերման պայմանագրում փոփոխություն է կատարվել՝ համաձայն որի, արդեն ձեռքբերված ավտոբուսի գինը 44,2 մլն դրամից դառնում է 36,9 մլն դրամ։

«Արդյունքում, արդեն փոխանցված 6,6 մլրդ դրամով ձեռքբերված 150 ավտոբուսին ավելանում է ևս 30-ը։ 

Իսկ իրականում այս նվերը երեք ամիս առաջ իմ գրառման հետևանքն է, որտեղ ներկայացրել էի փոխարժեքի նվազման արդյունքում առերևույթ 1,4 մլրդ դրամի չարաշահման մասին, որը շատ պատահական 30 ավտոբուսի իրական արժեքն է։

Հիմա ավելի արդիական է դառնում հարցադրումս․ այս ամենի մեջ որևէ հանցագործություն կա՞ր, թե՞ իրոք չինացիները մի տարի հետո որոշեցին նախընտրական նվեր անել քաղաքապետարանին։

Երեք ամսից անձամբ կզբաղվեմ այս հարցով»,- նշել է Առաքելյանը։  

--00—ՍՊ