ԱՄՆ դեսպանի ասածը խայտառակություն է, իսկ չի՞ կարծում, որ Թայվանը պետք է Չինաստանին վերադարձվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 4, 24News

ՀՀ իշխանության կողմից արատավոր թեզ է, որ Երևանը պետք Է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախի հետ միասին ու միայն ապահովեն Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները։ Դա անհնարին է, ուրեմն 1988 թվականի պայքարը կե՞ղծ էր: Եթե հայ ժողովուրդը կամավոր կերպով ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, մոռացեք, Երևանը պահելու մասին: 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ԱՀ նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը:

«Աշխարհում նախադեպ չկա, որ ժողովուրդը կամավոր հրաժարվում է հայրենիքի մի մասից ու հետո ողբերգություն ու արյուն չլինի: Սա հայ ժողովրդի համար ողբերգություն է լինելու: Հայաստանի կողմից ազնիվ մոտեցում կլինի հանրաքվե իրականացնել, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց կարծիքը արտահայտեն՝ համաձա՞յն են Արցախից ձերբազատվել, ովքեր չմասնակցեն, պետք է դա հավասարեցվի Արցախը ծախելու, զիջելու քվեի հետ, ուզում ենք հայ ժողովրդի կարծիքը իմանալ»,- ավելացրեց Բաբայանը:

Անդրադառնալով երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ հարցազրույցի ժամանակ հնչեցված այն հարցին, որ ՀՀ-ում բանավեճ կա, որ եթե ՀՀ-ն մնա Ադրբեջանի կազմում, անհնար է խաղաղ, անվտանգ ապրել և դեսպանի այն պատասխանին, որ իրենք հավատում են ու հույս ունեն, որ դա հնարավոր է և բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որ դա հնարավոր դարձնեն, ԱՄՆ-ն կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը և քաջալերում են, որ միասնական ջանքեր գործադրվեն ապահովվելու անվտանգությունը և իրավունքները, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Տիկին դեսպանի հայտարարությունը խայտառակություն է, բայց պետք է շնորհակալություն հայտնենք, որ ազնիվ են, իրենց ցանկությունները հայտնում են: Ի՞նչ է նշանակում՝ համոզված են, որ Ադրբեջանի կազմում անվտանգ կլինենք, ինչի՞ վրա է իր համոզմունքը, շահերի՞, թող այդպես էլ ասեն:

Իսկ տիկին դեսպան, չե՞ք կարծում, որ Կոսովոն կարող է լինել Սերբիայի կազմում, չե՞ք կարծում, որ Թայվանը պետք է վերադառնա մայր Չինաստանին, նույն ազգն է, ինչո՞ւ եք ատամներով պահում, ինչո՞ւ եք ժխտում Ղրիմի ժողովրդի ցանկությունը:

Լիբիայում, Սիրիայում, Աֆղանստանում, Իրաքում երբ եկաք ժողովրդավարությամբ փրկելու, հիմա՞ է լավ վիճակ, թե մինչ այդ: ԱՄՆ-ն հայտնի է որպես ժողովրդավարության ջատագով, մենք տասնամյակներով, կյանքի գնով ավելի շատ ենք պայքարում ժողովրդավարության համար, քանի այդ դեսպանն ու իր շեֆերը: Այդքան ԱՄՆ նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունն, ի՞նչ է՝ իրենց աշխատա՞նքն եք թերագնահատում, ի՞նչ իրավունքով: Սա պետք է ազդակ լինի սփյուռքին, դա հստակ Վաշինգտոնի դիրքորոշումն է, պետք է պայքարե՞նք, թե ոչ, հիմա արդեն բաց հայտարարում են»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ