Անհնար է Ստեփանակերտից ժամանակին արձագանքել, երբ օգնություն է անհրաժեշտ շրջանների բուժմիավորումներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 18, 24news

արցախ

Արցախի Հանրապետությունում  տրանսպորտային վառելիքի սղության հետևանքով   կրճատվել է  շտապ օգնության մեքենաների թիվը, իսկ  առաջինը օգնությունը հնարավորին փորձ է արվում  հեռավար ցուցաբերել:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 18-ին տված հարցազրույցում  ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:

«Վառելիքը ոչ միայն շտապ օգնության մեքենաների աշխատանքն  է ապահովում, այլև՝  էլեկտրաէներգիա, որը շատ անհրաժեշտ է մեր բուժմիավորումներում բժշկական սարքավորումների անխափան աշխատելու համար:  Վառելիքի պակասը մենք զգում ենք օր օրի: Ամբողջ համակարգն  անում է  ամեն ինչ, որպեսզի ունեցածը խնայողաբար օգտագործվի: Միշտ չէ, որ օգտագործվում են էլեկտրականություն ապահովող  շարժիչները:  Կրճատել ենք շտապ օգնության մեքենաների թիվը:  Փորձում ենք առաջին օգնությունը հեռավար ցուցաբերել, ինչը  բերում է մեծ խնդիրների: Բնականաբար, եթե ժամանակին չես հասնում շահառուին, դա կարող է անդառնալի հետևանք թողնել: Ունենք երկու դեպք, երբ շտապ օգնության մեքենան ժամանակին չի հասել: Կարծում եմ, որ բժիշկների ցուցումով հիվանդներին կարելի էր փրկել, եթե հնարավոր լիներ ավելի արագ հասնել հիվանդանոց: Այդ դեպքերը, կարող են շատանալ վառելիքի խնայողաբար օգտագործելու պատճառով»-մանրամասնել է Վ. Թադևոսյանը՝ ընդգծելով, որ անհնար է դարձել  ժամանակին արձագանքել շրջանների բուժմիավորումների խնդիրներին, երբ  անհապաղ օգնություն է անհրաժեշտ Ստեփանակերտից:

«Վառելիքի խնդիրը գնահատում եմ ավելի գերակա,  քան դեղորայքի պակասը»,-նշել է նախարարը՝ հավելելով, որ այդ խնդրի պատճառով առաքիչները չեն կարողանում սնունդ մատակարարել  բուժմիավորումներին:

--00—ՍՊ