ՊԵԿ-ը կանխել է 600 կգ քաշով չհայտարարագրված էլեկտրական սարքեր, կոշիկներ ու հրավառության պարագաներ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

11

ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծված ապրանքների մաքսային հսկողության արդյունքում բացահայտվել է  մաքսային կանոնների խախտման նոր դեպք:

Օրերս ՌԴ-ից ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժին  ժամանած  բեռնատարի վարորդը` ՀՀ քաղաքացի Հ. Ի.-ն, ներկայացրել է ՌԴ Վերին Լարս անցակետում լրացված տարանցման հայտարարագիրը և ուղեկցող փաստաթղթերը։ Մեքենայի կշռման արդյունքում հայտանբերվել է ապրանքի շուրջ 600 կգ քաշի տարբերություն։

Մեքենան ուղեկցվել է խորը զննման անգար, որտեղ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ ենթարկվել է մաքսային զննման։ Արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված 305 կգ էլեկտրասարքավորումների փոխարեն՝ բեռնատարում եղել են 209 կգ էլեկտրասարքավորումներ, իսկ հայտարարագրված 830 կգ տնային իրերի փոխարեն՝ ընդամենը  167 կգ է առկա եղել: Մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ վարորդի կողմից չի հայտարարագրվել  2086 զույգ մարզական կոշիկ և 187 կգ  հանդիսությունների համար նախատեսված հրավառության պարագաներ։

Փաստի առթիվ,  Բավրայի մաքսային կետ-բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն՝ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։ Ապրանքներն ի պահ են վերցվել ՀՀ ՊԵԿ ՀՄՎ Բավրայի մաքսային կետ-բաժնում։

 

--00—ԱՊ