11 մարդու կյանք խլած վթարի պահին «Զիլ»-ը գտնվել է հանդիպակաց գոտում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

ԵՐԵՎԱՆ,  ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1117331

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած՝ 11 անձի մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության շրջանակներում կատարված` Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրի զննությամբ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան քաղաքի ուղղության ուղեմասում, առաջամասերով միմյանց են բախվել հիշյալ տրանսպորտային միջոցները, որոնցից «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցը գտնվել է իր երթևեկելի ուղեմասում՝ դեպի Երևան քաղաքի ուղղությամբ, իսկ «Զիլ» մակնիշի տրանսպորտային միջոցը՝ հանդիպակաց երթևեկելի ուղեմասում՝ դեպի Գյումրի քաղաքի ուղղությամբ:

Բժշկական կենտրոնից ստացված տեղեկանքի համաձայն՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդի  վիճակը գնահատվում է ծանր և վերջինիս ցուցմունք տալը հնարավոր չէ:

Քրեական վարույթի շրջանակներում 16 անձ ճանաչվել է տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են քննչական և դատավարական անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ