Միրզոյանը Սլովակիայի ԱԳ նախարարի հետ զրույցում խոսել է Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

photo_2023-08-25_16-07-41

Օգոստոսի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Վլախովսկիի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։

Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները և 120000 բնակչության համար ստեղծված ծանրագույն պայմանները, որոնք հետևանք են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման:

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ԼՂ սննդի, դեղորայքի մատակարարումներ չեն իրականացվում նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով, որի գործունեությունը ևս խոչընդոտվում է Ադրբեջանի կողմից:

Վերջինիս համատեքստում ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը հիշատակել է հուլիսի 29-ին ԼՂ-ից բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից առևանգման դեպքը՝ որպես միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում և ԼՂ բնակչությանն ահաբեկելուն ուղղված անընդունելի քայլ:

Շեշտվել է, որ ներկա իրավիճակում հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար հրամայական է Լաչինի միջանցքի արգելափակման վերացումը՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից իրավիճակի հետագա սրումը կարող է հարվածի տակ դնել տարածաշրջանում կայանության հաստատմանն ուղղված ջանքերը:

--00—ՅՄ