Պադվալային պայմանավորվածությունների մասին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

դ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Նախօրեին՝ Արցախի խորհրդարանի ընդլայնված կազմով  արտահերթ նիստի ընթացքում,  առճակատում է տեղի ունեցել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եւ ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի միջեւ։ Նրանց հակասությունները հին պատմություն ունեն` 2000-ին Ղուկասյանի նկատմամբ մահափորձ իրականացվեց, որի պատվիրատու ճանաչվեց Սամվել Բաբայանը, նա դատապարտվեց 14 տարի ազատազրկման, սակայն 4 տարուց, Ռոբերտ Քոչարյանի միջնորդությամբ, Արկադի Ղուկասյանը նրան ներում շնորհեց:

Բայց նրանք հավերժ թշնամացան: Երեկվա նիստում, երբ քննարկվել է Արցախում ստեղծված իրավիճակը, եւ ներկաները տեսակետներ են հայտնել, Ղուկասյանը պահը բաց չի թողել եւ կոռեկտության կոչ է արել «որոշներին»՝ հորդորելով այս իրավիճակում քաղաքական դիվիդենտներ շահելու կեղտոտ փորձեր չանել։ Եվ Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունն է վկայակոչել ու Արայիկ Հարությունյանից պահանջել` պարզաբանումներ ներկայացնել Սյամոյի հայտարարությունների, մասնավորապես` «պադվալային պայմանավորվածությունների» մասով։ Հարությունյանը ստիպված է եղել ծայրից ծայր հերքել Բաբայանի հայտարարությունը, վերջինս բառ անգամ չի արտաբերել։

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրում էր «ութնյակին»` Հարությունյանի հետ նման պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ նոր նախագահ ու կառավարության կազմ որոշելու հարցում: Ութնյակի մեջ են նաեւ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ովքեր մոտ երկու շաբաթ առաջ հանդիպել էին Արայիկ Հարությունյանի հետ եւ քննարկել նրա` հրաժարական տալու մտադրությունը։

 

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

--00--ՍՊ