Վրաստանի նախագահի իմփիչմենթը հասարակության մեջ բևեռացման վտանգ կստեղծի. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

վր

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթը, որի ընթացակարգը մեկնարկել են երկրի իշխանությունները, հասարակության մեջ լրացուցիչ բևեռացման վտանգ կստեղծի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Թբիլիսիում, որտեղ նա գտնվում է այցով։

«Ինչ վերաբերում է նախագահի իմփիչմենթին, ապա առկա է հակաարդյունավետ բևեռացման հետագա աճի վտանգ: Ես կարծում եմ, որ երկրի բոլոր ինստիտուտները պետք է աշխատեն միասին՝ աջակցելու եվրոպական ուղուն», - Բորելի խոսքերն է մեջբերում ТАСС-ը:

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել էր նախագահի նկատմամբ իմփիչմենթի ընթացակարգ սկսելու մասին։ Պատճառը դարձել է այն, որ Զուրաբիշվիլին, չնայած կառավարության մերժմանը, մեկնել էր Եվրոպա՝ ԵՄ երկրների ղեկավարների հետ հանդիպելու։ Այսպիսով, Զուրաբիշվիլին խախտել է Սահմանադրությունը, որի համաձայն՝ նախագահը կարող է արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։

2022 թ. հունիսին Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրվեց Մոլդովային և Ուկրաինային։ ԵՄ երկրների ղեկավարները ճանաչեցին Վրաստանի եվրոպական հեռանկարները, ինչպես նաև պատրաստակամություն հայտնեցին նրան թեկնածուի կարգավիճակ տրամադրել 12 պայմանների կատարումից հետո։ 2023 թ. վերջին Վրաստանն ակնկալում է ԵՄ-ի հերթական որոշումը` իրեն թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։

--00—ԼՀ