Ստիպեք Ադրբեջանին ազատ արձակել Արցախի ղեկավարներին․ դիմում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Screenshot_5
ԵԱՀԿ Քարտուղարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Եռանախագահ պետությունների ղեկավարներին

«Միասին»  շարժումը խոր մտահոգությամբ եւ անհանգստությամբ դիմում է ԵԱՀԿ-ին՝  որպես անվտանգության և համագործակցության բարձրագույն սկզբունքների հաստատման մանդատ ունեցող միջազգային կազմակերպություն, որի անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին ստեղծել է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝  կարգավորելու ադրբեջանա-ղարաբաղյան (արցախյան) հակամարտությունը։ Մենք ավելորդ չենք համարում հիշեցնել Ձեզ հակամարտության պատմության որոշ դրվագներ։

Արցախյան կարգավորման հիմքում դրված  էր այն փաստը, որ նորանկախ Ադրբեջանական Հանրապետությունը, ռազմական ուժ կիրառելով, ճնշում էր Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ ժողովրդի՝ ԽՍՀՄ-ում իրացված ինքնորոշման իրավունքը՝ որպես 1923 թվականից գոյություն ունեցող պետական-տարածքային միավոր, այն է՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ), որը ամրագրված էր ԽՍՀՄ Սահմանադրությամբ  եւ Սովետական Ադրբեջանի հատուկ օրենքով։

Հակամարտության խաղաղ կարգավորման համար 1997 թ. ձևավորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ գլխավորությամբ, որը մինչև 2020թվականի սեպտեմբերի 27-ը, Ադրբեջանի սկսած ագրեսիան, միջնորդական լրջագույն ջանքեր է ներդրել՝ ծրագրելով հակամարտության խաղաղ հանգուցալուծումը՝ միջազգայնորեն ճանաչված եւ ՄԱԿ-ի Կանոնադրությունում ամրագրված երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի  կիրառման բացառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության։

Ադրբեջանը կոպտորեն ոտնահարեց այդ սկզբունքերը, մնաց անպատիժ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երկարատև ցեղասպանական պաշարումից հետո, «հակաահաբեկչական» գործողության անվան ներքո ռազմական էքսպանսիայի միջոցով  լիակատար զավթեց Արցախը, որից հետո սկսվեց Արցախի հայաթափումը՝ 100 հազարից ավելի հայ արդեն բռնի տեղահանվածի կարգավիճակում է՝ զրկված իրենց 4000-ամյա հայրենի հողում ապրելու իրավունքից, կորցրած ամեն ինչ։

Արցախի հայ բնակչության բռնագաղթին զուգահեռ՝  Իլհամ Ալիևի հրամանով Արցախից առևանգվեցին և գերեվարվեցին Արցախի պետական գործիչները՝ չճանաչված հանրապետության երեք նախագահները՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, զինվորական ղեկավար պաշտոններ զբաղեցրած Լևոն Մնացականյանը և Դավիթ Մանուկյանը։  Ադրբեջանն ունի նման գործիչների մի մեծ ցանկ․ նրանք բոլորը մեղադրվում են «ահաբեկչություն» համար։

Արցախի այս բոլոր գործիչների հետ Մինսկի խմբի համանախագահները և անդամ պետությունների բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաները քսանութ և ավելի տարի դիվանագիտական, քաղաքական բանակցություններ ու հանդիպումներ են ունեցել։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ՌԴ-ն իրենց բյուջեից  գումարներ են հատկացրել Արցախին և նրա բնակչությանը։ Եթե համաձայնում եք  Իլհամ Ալիևի   մեղադրանքներին, ապա ընդունում եք, որ ԵԱՀԿ անդամ պետությունները քաղաքական, դիվանագիտական, ֆինանսական և հումանիտար աջակցություն են ցուցաբերել «ահաբեկչությանը»։ Այնինչ բարձր կողմերի վերընշված բոլոր գործողությունները իրականացվել էն ՄԱԿ-ի Կանոնադրությամբ ամրագրված  անհերքելի սկզբունքներից մեկի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, համաձայն որի հանուն ինքնորոշման և ազատ ապրելու իրավունքի կատարված գործողությունները չեն կարող երբևէ համարվել ահաբեկչություն։

Սա այն դեպքում երբ Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության ինքնորոշման առաջին իսկ քայլերից հետո իրականացվել են վայրագ ահաբեկչական գործողություններ, ինչպես Սումգայիթի, Գանձակի, Մարաղայի, Բաքվի ցեղասպանական ջարդերը, Շահումյանի շրջանի հայաթափումը, և դրանից առաջ Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հայկական բնակչության ջարդերն ու արտաքսումը, հայկական մշակութային ժառանգության սպիտակ ցեղասպանությունը։  

«Միասին» շարժումը պահանջում է ԵԱՀԿ-ից և Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներից անհապաղ ձեռնարկել քայլեր, որոնք կստիպեն Ադրբեջանին ազատ արձակել Արցախի Հանրապետության ղեկավարներին։ Եթե դուք համաձայնում եք Ադրբեջանի կողմից ձևակերպված «ահաբեկչություն» եզրույթին և դրանից հետո կատարվող իրականում ցեղասպանական գործողություններին,  ապա բոլորդ, չթվարկենք անվանական,  դառնում եք այդ ահաբեկչության ուղղակի հանցակիցներ։ Համոզված ենք՝ Դուք չե՛ք համակերպվի «ահաբեկիչ» պիտակով անարգել Ձեր անունը և կապահովե՛ք Արցախի առևանգված ռազմաքաղաքական, պետական գործիչների և 2020 թվականից ՀՀ-ից և ԱՀ-ից  գերեվարված բոլոր անձանց ազատությունը, որոնք Ադրբեջանի կողմից անարդար դատավճիռներով դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման։

«Միասին» այլընտրանքային 

հասարակական-քաղաքական

Շարժում

Երևան, 11․10․2023թ․

--00—ՅՄ