Ոչինչ չի փոխվել․ ցույց տանք մեր աներեր կամքը, հայտնենք մեր զորակցումը Արցախին․ «Միասին» շարժման կոչը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

279643605_327671942782317_8813703805543494233_n

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման սեպտեմբերյան կոչը հայրենակիցներին, համախոհներին և ՀՀ քաղաքացիներին Հայաստանից Արցախ և Սփյուռք․

«Առջևում սեպտեմբերի 2-ն է՝ հազարամյակների հայոց պատմության շրջադարձային տոներից մեկը․ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին  Արցախը՝ Լեռնային Ղարաբաղը, հռչակեց իր անկախությունը, ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։

Բոլորս գիտենք, թե ինչ դժնի ու գոյաբանական օրհասի պահին ենք նշելու այս տոնի 32-րդ տարեդարձը՝ բռնազավթված տարածքներ, Բերձորի միջանցքի ցեղասպանական շրջափակում, որն արդեն  9 ամսից ավելին է ձգվում, հումանիտար աղետ, հայորդիների առևանգում և խոշտանգում ադրբեջանական բանտերում, քաղաքական վերնախավերի վերուվարումներ, Արցախը ադրբեջանականացնելու անշեղ իրականացում։

Սակայն, երբ հետադարձ հայացք ենք նետում դեպի 1991 թվական, վերստին ընթերցում այն տարիների ժամանակագրությունը, ապա պարզ է դառնում, թե ինչպիսի ծանր, անհուսալի թվացող, հակասական, բայց միաժամանակ հերոսական էր 1991-ը ողջ հայ ժողովրդի և ամենից առաջ, արցախահայության համար: 32 տարի առաջ, ի հեճուկս բոլոր ողբերգական կանխատեսումների, մահաբեր պատերազմի ու վտանգների, արցախահայությունը չկոտրվեց և սկսեց անկախության հասնելու իր ծանր, բայց այլընտրանք չունեցող սխրալի ճանապարհը։ Ոչինչ չի փոխվել․ ցույց տանք մեր աներեր կամքը, հայտնենք մեր զորակցումը Արցախին։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ի նշանավորումն Արցախի Հանարապետության անկախության հռչակման, հայ ժողովրդին կոչ է անում սեպտեմբերի 2-ին գալ Երևանի Ֆրանսիայի հրապարակ։ Մեր կարգախոսը մեկն է և միակը՝ «Առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան չկա Արցախ»։ Միասին հավաքական ուժերով հասնելու ենք մեր ազգային-պետական իղձերի իրականացմանը․ բացելու ենք Բերձորի միջանցքը, միացնելու ենք Արցախը Մայր Հայաստանին և աշխարհին՝ կանխելով թշնամու դավադիր ցեղասպանական ծրագիրը»։

--00—ՅՄ