Հանուն համազգային նպատակի չեղարկեք լուծարման մասին հրամանագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

միա.

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը ողջունում է 2023 թ․ դեկտեմբերի 22-ի Արցախի Հանրապետության նախագահի և պաշտոնյաների հանդիպմանը հրապարակված  լուրը, ըստ որի՝ ղեկավարվելով ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանի  հոկտեմբերի 19-ի հրամանագրի դրույթներով Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, խորհրդարանը և մնացյալ բոլոր պաշտոնյաները շարունակում են իրենց աշխատանքը հասարակական հիմունքներով, այսինքն՝ Արցախի Հանրապետության լուծարման մասին որոշում այլևս գոյություն չունի։

«Միասին» շարժումն իր սկզբնավորման պահից ցայսօր, իսկ նրա կազմի մեջ գտնվող քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները Արցախյան շարժման առաջին իսկ օրերից պայքարել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրականացման, Արցախի Հանրապետության կայացման իրավաքաղաքական օրինակարգությունը միջազգային ասպարեզներում ճանաչելի և ընդունելի դարձնելու համար։

Այսօր՝ Արցախի լիակատար բռնազավթման և արցախահայության ցեղասպանությունից մազապուրծ իրենց հազարամյա հայրենիքը լքելու դժնի օրերին, առավել քան կարևոր է կայացնել իրավական և քաղաքական ճիշտ որոշում, չշեղվել հանուն ինքնորոշման և անկախության պայքարի միջազգայնորեն ճանաչված ուղուց, անտեսել թշնամու սպառնալիքները։

 «Միասինն» իր զորակացությունն է հայտնում Արցախի Հանրապետության իշխանություններին և բնակչությանը, որը հայտնվել է բռնի տեղահանվածի կարգավիճակում։ Արձանագրում ենք՝ Արցախի ինքնորոշման և Ադրբեջանից անկախ, հետագայում Հայասստանի հետ վերամիավորվելու որոշումը ողջ հայության ազգային խնդիրն է։ Ուստի բոլորս միասին պետք է շարունակենք մեր համակարգված գործունեությունը հայաստանյան և միջազգային քաղաքական-իրավական բոլոր հարթակներում՝ ապահովելու արցախահայության վերադարձն իրենց պատմական հայրենիք և ինքորոշման իրավունքի կայացումը։

Սրանով է պայմանավորված Արցախի Հանրապետության նախագահի նոր հրամանագրի անհրաժեշտությունը, որով չեղարկվում է 2023 թ․ սեպտեմբերի 28-ի որոշումը։

--00--ԼՀ