Հյուսիս-հարավի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում մեկնարկել է շինարարությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

հհ

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի 34 կմ հատվածում (Աշտարակ-Թալին) մեկնարկել են շինարարական աշխատանքները։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել է շինհրապարակ՝ ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։

Հիմնադրամից տեղեկացնում են՝ շինարարությունն ու տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունները ներկայացրել են աշխատանքների ընթացքը։

Գոռ Ավետիսյանը նշել է‚ որ Աշտարակ-Թալինը Հյուսիս-հարավ ծրագրի կարևոր հատվածներից է‚ ու շատ կարևոր է‚ որպեսզի սահմանված ժամկետներում ու պատշաճ որակով 34 կմ երկարությամբ ճանապարհը հանձնվի շահագործման։

Նա ընդգծել է‚ որ շինարարության ընթացքում բոլոր հարցերը պետք է լուծվեն պատվիրատու-շինարար-տեխհսկող սերտ համագործակցությամբ‚ և հավաստիացրել է‚ որ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի թիմը պատրաստ է ցանկացած հարցում աջակցել աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով։

Կապալառու կազմակերպությունը՝ «Լևանտինա Ինխեներիա ի Կոնստրուկսիոն» Ս․Լ և «Օբրաս Պուբլիկաս ի Ռեգադիոս» Ս․Ա» ՀՁ-ն‚ կատարում է հողային աշխատանքներ։

Այս օրերի ընթացքում արվել է մի քանի տասնյակ հազար խմ ծավալով հողային հանույթ։ Շինարարը տեղեկացրել է‚ որ մեծ թվով շինտեխնիկա է աշխատում շինհրապարակում‚ և առաջիկայում նախատեսվում է ավելացնել մեքենասարքավորումների ու աշխատողների թիվը։

Շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնում է «Էջիս Ինթերնեյշնլ» և «Կոքս Կոնսալթ» համատեղ ձեռնարկությունը։ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի կառուցումը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից։  

--00—ԼՀ