Բաքվում ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել. ԵԱՀԿ ԽՎ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

ԵԱՀԿ ԽՎ-ի դերը հիմա առավել կարևոր է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը և այն ամենից հետո, ինչը տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, շատ կարևոր է նաև Միջերկրածովյան ֆորումը, որի ժամանակ կքննարկվի Գազայի հատվածում տեղի ունեցող հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմը։ Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման։

Հիշեցնենք, որ այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը: Համաժողովն անցկացվում է «ԵԱՀԿ-ն ճգնաժամի ժամանակ. վեհաժողովի դերը ներքին և արտաքին մարտահրավերներին արձագանքելու հարցում» խորագրի ներքո։ Օրակարգում են նաև կոռուպցիայի դեմ պայքարին ու փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։

Հայաստանում հյուրընկալվել են կառույցի 57 անդամ պետությունների պատվիրակությունների շուրջ 300 պատգամավորներ: 

Կաուման նշել է՝ Բաքու կատարած այցի ժամանակ իրեն ասել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ․ «Իհարկե, ուզում եմ հավատալ, որ խաղաղության համաձայնագրին հասնելու հնարավորություն կա»,-ասել է նա՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրը կարևոր է ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի համար, այդ թվում՝ տնտեսության տեսանկյունից։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ