Վարչապետը չի տիրապետում ինֆորմացիային կամ թյուրըմբռնում կա․ ԲՀԿ-ն փակ նիստ է արել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

«Բարգավաճ Հայաստան» խմբակցություն այսօր փակ նիստ է արել, քննարկման թեման  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքն է տրանսգենդերի ելույթի և Նաիրա Զոհրաբյանի արձագանքի վերաբերյալ:

Նիստից հետ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորը Իվետա Տոնոյանը լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում նշել է, որ, ըստ ԲՀԿ քաղխորհրդի, Նաիրա Զոհրաբյան ունի անհրաժեշտ բոլոր մասնագիտական որակներն իրականացնելու համար  կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները։

«Կարծում ենք, որ կա՛մ կա տեղեկատվության թյուրըմբռնում, կա՛մ վարչապետն ամբողջությամբ չի տիրապետում ինֆորմացիային, որովհետև Նաիրա Զոհրաբյանը կանոնակարգով սահմանված իր բոլոր գործառույթներն իրականացրել է հավուր պատշաճի։ Նա այդ անձնավորությանը հրավեր չի ուղարկել և վերադառնալուն պես առարկայական ապացույցներ կներկայացնի։ Այս փաստաթուղթը, որը նախօրեից շրջանառվում ու թմբկահարվում է խորհրդարանում, և վարչապետը ևս մատնանշեց, ընդամենն անվտանգության հետ համադրված հասարակական կազմակերպությունների ցանկն է, որոնք գրանցվել են օնլայն հարթակում, Նաիրա Զոհրաբյանի կողմից որևէ հրավեր չի եղել»,- ասել է Տոնոյանը, ապա հավելել, որ, որպես նիստը վարող, իր գործընկերն ըստ հավուր պատշաճի է իրականացրել գործառույթները։

«Նա չի ընդհատել ելույթը, դրանից հետո նոր միայն մատնանշել է, որ ելույթն օրակարգից դուրս թեմայով էր ու ասել էր, որ անհարգալից վերաբերմունք է լսումների օրակարգին ու դահլիճում նստած անձանց նկատմամբ»,- ասել է պատգամավորը։

Հարցին՝ ԲՀԿ-ում կան պատգամավորներ, որոնք հայտարարում են, թե բոլորը չէ, որ հավասար իրավունք ունեն, արդյոք պատգամավորը նման կարծիք կարո՞ղ է ունենալ, Իվետա Տոնոյանն ասել է․ «ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պարտավոր է ունենալ սեփական կարծիքը։ Ինչ վերաբերում է մեր քաղաքական ուժի դիրքորոշմանը, ասեմ, որ ԲՀԿ-ն ազգային արժեհամակարգը պաշտպանող է»,։