Բելգիայի բնակչի մոտ գտել են Պիկասոյի և Շագալի գողացված կտավները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

շ.

Անտվերպենում հայտնաբերվել են Պաբլո Պիկասոյի և Մարկ Շագալի երկու նկարները, որոնք Թել Ավիվում իսրայելցի կոլեկցիոներից գողացել էին 2010 թվականին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով La Libre պարբերականի հրապարակումը։ 

Խոսքը Շագալի «Մարդն աղոթքի պահին» և Պիկասոյի «Գլուխը» կտավների մասին է։ Դրանց ընդհանուր արժեքը գնահատվում է մոտավորապես 900 հազար դոլար։

Նկարներից բացի, գողացել են նաև 680 հազար դոլար արժողությամբ տարբեր զարդեր։

Հունվարի 10-ին ոստիկանությունը Նամյուրում խուզարկել է գողացված ապրանքներ պահող կասկածյալի տունը: Վերջինս խոստովանել է, որ նկարներն իր մոտ են, սակայն չի նշել դրանց գտնվելու վայրը։ Ոստիկանությունը հունվարի 12-ին ևս մեկ խուզարկություն է կատարել Անտվերպենում։ Նկարները հայտնաբերվել են նկուղում։ Դրանք պատշաճ կերպով փաթեթավորված են եղել՝ վնասվելուց զերծ պահելու նպատակով:

Կասկածյալին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է։

--00—ԼՀ