Մտահոգիչ է Շվեդիայի համագործակցությունն Ալիևի ռեժիմի հետ կապեր ունեցող հետազոտական ինստիտուտի հետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 29, 24News

1129042

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը 1,2 միլիոն շվեդական կրոնով (մոտ 110,000 եվրո) ավելացրել է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ կապեր ունեցող Շվեդիայի անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի (ISDP) ֆինանսավորումը՝ Հարավային Կովկասում խորհրդատվական ու վերլուծական աշխատանքների համար:

Ի՞նչը կարող է ստիպել Շվեդիայի ԱԳՆ-ին փոխել իր տեսակետը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ․ այս մասին գրել է շվեդական Blankspot կայքը, որը դեռևս 2021 թվականի գարնանը ուշադրություն էր հրավիրել Շվեդիայի անվտանգության և զարգացման քաղաքականության հետազոտման ինստիտուտի կապերի մասին Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ։ Ըստ Blankspot-ի տեղեկությունների՝ շվեդական գիտահետազոտական կազմակերպությունը գումարներ է ստացել ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններից, իսկ ավելի ուշ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող «Pasha Holding» շինարարական ընկերությունից։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը, ով արդեն երկրորդ անգամ է նույն մտահոգությամբ հարցում հղում Շվեդիայի արտաքին գործերի նախարարին, նշել է, որ ISDP-ը բավականին լավ է աշխատում, երբ խոսքը գնում է Ասիայի և Թայվանի մասին, բայց երբ խոսվում է Հարավային Կովկասի մասին, անընդունելի է, որ նրանք աշխատեն ադրբեջանական ռեժիմի հետ և փող վերցնեն նրանցից: «Ես, անշուշտ, շարունակում եմ ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա, երբ խոսքը վերաբերում է այս հարցին: Շվեդիայի կառավարության համար շատ պարզ է, որ Հայաստանը կարևոր է, հատկապես հիմա, երբ այդ երկիրն ընդգրկվում է եվրոպական ընտանիքում։ Շվեդիայի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանին օգնելու համար։ Հետևաբար, սա շատ հակասական մոտեցում է», - նշել է շվեդ պատգամավորը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ