Միավորվում է Սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը․ Շնորհանդես՝ Ցեղասպանության թանգարանում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

gg

Փետրվարի 16-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի 2023 թ. 43/1 և 43/2 հատորների շնորհանդեսը: Հայտնում են թանգարանի մամուլի ծառայությունից։ 

Նախ՝ ներկաներին ողջունեց ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը, ապա նշեց, որ ուրախ է առաջին անգամ տնօրենի կարգավիճակում «Հայկազեան Հայագիտական Հանդէս» պարբերականի շնորհանդեսի մասնակիցներին հյուրընկալելու համար: Նա ընդգծեց, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը, որը միավորում է Սփյուռքի և Հայաստանի գիտական ներուժը, հայագիտության ոլորտում բացառիկ նշանակություն ունի: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ի պատասխանատու խմբագիր Անդրանիկ Դաքեսյանը, Հայկազյան համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանը: Անդրանիկ Դաքեսյանը նշեց, որ Հանդեսի երկու համարներում ներկայացված են 50-ից ավել հոդվածները վերաբերում են հայագիտության տարբեր ասպեկտներին՝ պատմություն, բանահյուսություն, կրոն, հասարակագիտություն, լեզվաբանություն և այլն:

Փոլ Հայդոստյանն իր հերթին նշեց, որ «Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը յուրատեսակ կամուրջ է Հայաստանի և Սփյուռքի միջև և ուրախ է, որ Երևանում ևս տեղի ունեցավ հատորների շնորհանդեսը, ապա հավելեց որ մինչև Արցախի հայաթափումը իրենք երկու անգամ հասցրել են այնտեղ շնորհանդեսներ կազմակերպել: Մատենադարանի գիտական գծով տնօրենի տեղակալ Վահե Թորոսյանն իր խոսքում կարևորեց Սփյուռքում լույս տեսնող հանդեսների՝ Հայաստանում ներկայացնելու գաղափարը:

«Հայկազեան Հայագիտական Հանդէս»-ը Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական ամբիոնի հրատարակությունն է, որը լույս է տեսել 1970-1974 թթ., 1977-1984 թթ., իսկ արդեն 1991 թ.-ից առանց ընդհատումների, Բեյրութում:

--00—ՍՊ