Երևանի փոխքաղաքապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչները քննարկել են Էներգետիկ կառավարման համակարգը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

յյ

Երևանի քաղաքապետարանի գործակցությունը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ ընդգրկում է քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններ: Ընթացիկ ու նախանշվող ծրագրերի վերաբերյալ հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանի և ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկու գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ իրականացվող նախագծերի շրջանակում երկու կառույցներն այսօր քայլեր են ձեռնարկում Էներգետիկ կառավարման համակարգի ու համայնքային օբյեկտներում էներգաարդյունավետության բաղադրիչների ներդրման, ինչպես նաև մանկապարտեզների հիմնանորոգման ուղղությամբ։

«Անդրադառնալով համատեղ ծրագրերին՝ քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ դրանք ոչ միայն հարմարավետ միջավայր են ապահովում մայրաքաղաքում, այլև համայնքն ունենում է զգալի տնտեսումներ: 

Կոնստանտին Սոկուլսկին իր հերթին նշել է, որ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը կարևորում է քաղաքների հետ գործակցության ծրագրերի ընդլայնումը, որոնք իրենց հերթին փաստում են երկու կառույցների միջև ձևավորված վստահելի գործընկերային հարաբերությունների մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հետագա ծրագրերի վերաբերյալ և նախանշել առաջիկա անելիքները:   

--00—ՍՊ