Բարձրաշխարհիկ հայը․ Մաեստրո Զավեն Վարդանյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

photo_2024-03-09_21-10-13

«Դեռ մանկուց հետաքրքրված լինելով պատմությամբ՝ միշտ երազանքի պես ձգտել եմ տեսնել իրական հայ ազնվականի և ինձ թվացել է, թե նրանց խոսքը, կենսակերպը, մտածողությունը պետք է լինի տարբերվող, այլ՝ ոչ սովորական։ Ճակատագրի բարեհաճությամբ՝ ես ոչ միայն տեսել եմ նման մարդու, այլև պատիվ եմ ունեցել շփվել, զրուցել նրա հետ և զգուշավոր ակնածանքով ինձ իրեն մտերիմ համարել, քանի որ նաև ընկերոջս հայրն էր: Այդ անձը Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Զավեն Վարդանյանն է, ով մեկ տարի առաջ անժամանակ հեռացավ մեզանից:

Նրա մասնագիտական գործունեության, ունեցած ներդրման, թողած ժառանգության մասին ոլորտի գիտակներն իրենց խոսքն ասել են, և վստահ եմ՝ դեռ ասելու են, ուստի ես ինձ թույլ կտամ խոսել նրա առավել լայն կերպարի մասին: Մաեստրո Զավեն Վարդանյանը բառիս ամենաբուն և ամենադրական իմաստով բարձրաշխարհիկ հայ էր, էտալոնային ինտելիգենտ, ով իր ամբողջ էությամբ իրական արվեստագետ էր, ում ինքնությունը, կյանքն ու անգամ կենցաղը ձևավորել ու պայմանավորում էր բարձր արվեստը: Սրանով հանդերձ Մաեստրոն հեռու էր  ձևականությունից, նրա խոսքում, պահվածքում երբևէ չեմ տեսել արհեստականության, «ինտելեկտուալ քաղքենիության» որևէ նշույլ: Նա ապրում էր այնպես, ինչպիսին որ իր էությունն ու ինքնությունն էր և կարողացել էր իր ապրելու կերպն ու գեղեցիկ, բարձրաշխարհիկ ընկալումները համադրել, միավորել, ուստի ապրում էր երջանիկ ու ինքնաբավ։ Իր պահվածքով, կեցվածքով ազնվական ու բարձրաշխարհիկ լինելով հանդերձ՝ Մաեստրոն խորագիտակ էր կյանքի բոլոր ասպեկտներին, անգամ կենցաղային ամենահասարակ մանրուքներին, ուղղակի դրանք էլ նրա պարագայում դառնում էին մի փոքր այլ, ոչ սովորական։

Մաեստրո Զավեն Վարդանյանի զրույցներն ու գեղեցիկ խոսքը բնականորեն հագեցած էին գրագետ բառերով և ինտելեկտուալ, բարձր մտքերով, գաղափարներով,  ու նա զրուցակցին իր լայն գիտելիքներով, ազնվական կեցվածքով ոչ թե ճնշում էր, այլ բարեհամբույր տեղափոխում էր բարձր մատերիաների և դրական էներգետիկայի տիրույթ: Կյանքիս ընթացքում իմ լսած և իր արիստոկրատիզմով, գեղագիտությամբ առանձնացող եզակի զրույցներից մեկը վստահաբար Մաեստրո Զավեն Վարդանյանի և իր տիկնոջ՝ Տաթևիկ Զարյանի զրույցն էր իրենց տանը՝ ամանորյա սեղանի շուրջ: Երբևէ չէի տեսել այդքան ներդաշնակ, փոխլրացնող զրույց ամուսինների միջև, որի առանցքը բարձր արվեստն էր, գեղանկարչությունը, երաժշտությունը և դա այնքան բնական էր, որ մեզ շրջապատող կենցաղը լիովին ստվերում էր մնում և սա հատկապես ներկայիս կենցաղակենտրոն դարում այնքան խորը հոգեբանական հանգստություն էր պարգևում:

Մաեստրո Զավեն Վարդանյանն ուներ ևս մեկ բացառիկ առանձնահատկություն․ նա իր մեջ պահում էր երևանյան և հայաստանյան բոհեմի, արվեստի աշխարհի մասին գիտելիքներ, իմացություն և հուշեր, դրանց ականատեսն էր, մասնակիցն ու կրողը և ձգտում էր այդ ամենը փոխանցել, ընդ որում՝ առանց պարտադրելու: Նա ասես քո մշակույթի կենդանի պատմությունն էր և միևնույն ժամանակ համաշխարհային մշակույթի խորքային գիտակն ու կրողը, ում հետ ցանկացած զրույց ուսանելի էր և գեղագիտական բերկրանք պարգևող։

Հիմա ես երբեմն զգում եմ, որ ենթագիտակցորեն փնտրում ու կարոտում եմ իրական արիստոկրատի, բարձրաշխարհիկ հայի հետ զրույցները, որոնք նրա կենդանության օրոք բառիս բուն իմաստով վայելում էինք, իսկ հեռանալուց հետո վերհիշում երանությամբ։

Սիրելի Մաեստրո, թող հոգիդ երկնային լույսերի մեջ հանգիստ գտնի, իսկ քո կերպարը քեզնից հետո եկողների համար լինելու է իրական բարձրաշխարհիկության, ինտելեկտուալության ուղենիշ։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»։

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյան։

--00—ՅՄ