«Գազպրոմ Արմենիան» գնման գործընթացում խոչընդոտնե՞ր է ստեղծում. ահազանգ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

դդ

Կա ընկալում, որ գնումների ոլորտի կարգավորումները, չարաշահումներից խուսափելու անհրաժեշտությունը վերաբերվում է բացառապես պետական հիմնարկներին, սակայն օրենքի տառին համապատասխան մրցույթներ պետք է իրականացնեն նաև օրինակ բնակչության սպասարկմամբ զբաղվող հանրային կազմակերպությունները։

24News-ին հայտնի է դարձել, որ այս առումով խնդիրներ կան «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որը տարեսկզբից 2 անգամ անընդմեջ հայտարարել է G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչների ձեռքբերման մրցակցային գնում, որոնք շատ արագ չեղյալ են հայտարարվել այն պարագայում, երբ երկու մրցույթներին էլ եղել է մասնակից։

Պարզեցինք, որ G4 և G6 տեսակի բնական գազի կենցաղային հաշվիչներն այն սարքերն են, որոնք անհրաժեշտ են բնակչությանը մատակարարվող գազի հաշվարկի համար, և դրանց բացակայության դեպքում նոր բաժանորդների գազամատակարարումը պարզապես կդառնա անհնարին:

Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության https://gnumner.minfin.am/ կայքում առկա տվյալների, առաջին անգամ մրցույթը հրապարակվել է 12.01.24թ․ին №061/GArm/ ծածկագրով, ապա 30․01․24թ-ին հայտարարվել չկայացած, իսկ երկրորդ անգամ մրցույթը հայտարարվել է 13.02.24-ին №073/GArm ծածկագրով և 04․03․24-ին կրկին հայտարարվել չկայացած։

24News-ը փորձել է մանրամասներ ճշտել, թե ինչու են հրավիրված մրցույթները հայտարարվել չկայացած: Պարզվեց, որ 2-րդ մրցույթը չկայացած է հայտարարվել հաշվիչների արտաքին չափերը մրցույթի հրավերի տեխնիկական պահանջներին չբավարարելու պատճառով, մասնավորապես, մասնակցի առաջարկվող հաշվիչի արտաքին չափերից մեկը 8մմ-ով ավել է եղել, իսկ առաջին անգամ հայտարարված մրցույթի չկայացած հայտարարելու հիմքերն առհասարակ հստակ նշված չեն:

Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիան» առաջին անգամ 12.01.24թ.-ին հայտարարված մրցույթի հրավերում կատարել է փոփոխություններ և 25․01․24թ-ին հայտարարելով նորը փոփոխել է հաշվիչների հիշատակված արտաքին չափերը ավելի փոքրացնելով դրանք։ Հայտարարված մրցույթին համապատասխան արտաքին չափերով հաշվիչներ շուկայում հայտնաբերելուն ուղղված մեր փորձերն ապարդյուն անցան, մինչդեռ նախկինում նախանշված չափերին համապատասխանող հաշվիչներ արտադրող ընկերություններ բավականաչափ առկա են։

Այս փաստը ստիպեց մեզ կապ հաստատել 2-րդ մրցույթին մասնակցած միակ ընկերության՝ «ՄՏԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, որի հայտը մերժվել էր հաշվիչի չափը 8մմ գերազանցելու պատճառով։ Ընկերության ներկայացուցիչը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ մրցույթի պահանջներին համապատասխանող չափերով հաշվիչներ արտադրող ընկերություն իրենց էլ հայտնի չէ։

Պարզվեց, որ ընկերությունը մասնակցել է նաև առաջին հայտարարված մրցույթին, որում ինչպես նշեցինք, արդեն Գազպրոմ Արմենիան մրցույթի հրավերը հրապարակելուց հետո կատարել էր փոփոխություն՝ փոքրացնելով հաշվիչների արտաքին չափերը։ Իսկ առաջին մրցույթը չկայացած հայտարարելուց հետո իրենց պատասխանել էին, թե իբր ֆինանսական միջոցների բացակայության պատճառով է մրցույթը չկայացած հայտարարվել։

Հետաքրքրականն այն է որ 2-րդ անգամ, ի տարբերություն առաջին հայտարարված մրցույթին, ընկերությունը հանդիսացել է միակ մասնակիցը և իր խոսքերով մրցույթի հրապարակված առավելագույն գնից մոտ 200 մլն դրամ ավելի ցածր գնային առաջարկ է արել։ Ըստ ընկերության ներկայացուցչի, իրենց էլ է անհասկանալի, թե նման պարագայում որքանով էր արդարացված մերժել միակ հայտը՝ պատճառաբանելով, որ հաշվիչի արտաքին չափերից մեկը 8 մմ-ով ավել է պահանջվածից։

Ընդ որում, ըստ նույն ընկերության, այդ 8 մմ-ի տարբերությունը ոչ մի էական ազդեցություն չունի հաշվիչի որակական, տեխնիկական և ճշգրիտ աշխատանքի վրա, առավել ևս երբ ընկերության կողմից առաջարկվող հաշվիչները արդեն իսկ 2021թ-ին «Գազպրոմ Արմենիայի» պահանջով և մասնակցությամբ անցել են բոլոր փորձարկումները, որից հետո միայն ընդունվել են շահագործման և ներկայումս մոտ 40000 նմանատիպ հաշվիչ շահագործվում է առանց որևէ խնդրի։

Ընկերությունում կարծում են, որ «Գազպրոմ Արմենիան» ամեն ձևով փորձում է վիժեցնել հաշվիչների մրցույթներն այն դեպքում, երբ առկա է մասնակից, որը նախկինում մատակարարել է պահանջվող ապրանքը, իսկ այժմ հայտարարված մրցույթի շրջանակներում առաջարկել է հայտարարված մրցույթի արժեքից մոտ 200 մլն դրամ ավելի ցածր գին:

Ընկերությունում եզրակացնում են, որ տպավորություն է, թե «Գազպրոմ Արմենիան» նման քայլերով պարզապես փորձում է դուրս մղելով այլ մասնակիցների, գնման գործընթացին մասնակից դարձնել իրեն նախընտրելի ընկերությունների՝  չխորշելով այդ ճանապարհին ծախսել հարյուրավոր միլիոն դրամներ ավել։  

Ըստ մեր զրուցակիցների, եթե այդպես է, ապա այս գործընթացը կարող է պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր, ուստի այս մրցույթն ունի սևեռուն ուշադրության կարիք։

--00—ՍՊ