Հայտնաբերվել է Գյումրիում նախկին կնոջն ու նրա քրոջը դանակահարելու համար հետապնդվող երիտասարդը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

1517928862,4298

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի բնակչի կողմից նախկին կնոջ ու նրա քրոջ նկատմամբ կատարված առերևույթ սպանության փորձի հանգամանքները։

2024 թվականի մարտի 24-ին՝ ժամը 14։48-ին Գյումրիի բնակչուհուց հաղորդում էր ստացվել այն մասին, որ քրոջ նախկին ամուսինը իրենց շենքի շքամուտքում դանակահարել է իրեն ու 26-ամյա քրոջը։ Ավելի ուշ, «Գյումրի» ԲԿ-ից հայտնել էին, որ հիշյալ բնակչուհիները մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով տեղափոխվել են հիվանդանոց։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ դանակահարությունը կատարել է 27-ամյա երիտասարդ։

Նախաքննությամբ նաև փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս մինչև դեպքի օրը նախկին կնոջ ու նրա հարազատների հասցեին պարբերաբար հնչեցրել է սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ։

Մասնավորապես, պարզվել է, որ  27-ամյա երիտասարդի կողմից անձնական հարցերի հետ կապված վերջինիս և նրա նախկին կնոջ, քենու միջև եղել են լարված, անբարյացկամ փոխհարաբերություններ։

Այդ պատճառով երիտասարդը, մինչև դեպքի օրը շարունակաբար սպառնացել է նրանց, իսկ 2024 թվականի մարտի 24-ին' ժամը 14:45-ի սահմաններում վերջիններիս կյանքից զրկելու դիտավորությամբ գնացել է նրանց բնակության հասցե, սպասել շենքի բակում։

Նկատելով շենքին մոտեցող 32 և 27-ամյա քույրերին, երիտասարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, քայլել է նրանց հետևից, ապա ձեռքում պահած դանակով, միևնույն ժամանակ սպառնալիքներ հնչեցնելով, թիկունքից հարվածել է նախ նախկին կնոջ մեջքի, սրտի և աջ ոտքի տարբեր հատվածներին, ապա դանակով հարվածներ է հասցրել նաև նրա քրոջը՝  քույրերին պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Սակայն, այլ անձի միջամտության արդյունքում, երիտասարդը չի կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, ինչից հետո դիմել է փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 1-ին մասով, 194-ի 2-րդ մասի 4-րդ կետով (2 դրվագ),  44-155-րդ հոդվածի 1-ին մասով և  2-րդ մասի 9-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և վարույթն իրականացնող մարմնի կողմից ոստիկանությանը հանձնարարվել է հայտնաբերել և ներկայացնել վերջինիս։

Մարտի 27-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Նրան առաջադրվել է մեղադրանք վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար։

Միջնորդություն է ներկայացվել դատարան երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով,դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ