Ամփոփվելու է ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականը․ ԲՏԱ նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

dd

Այսօր ընդունել եմ ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը․

«Իմ խոսքում նշել եմ, որ ԲՏԱ նախարարությունն այժմ կարևոր փաստաթղթերի՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ռազմավարության և ՏՏ ոլորտի խթանմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակման փուլում է։ Այս նախաձեռնություններով ամփոփվելու են ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացման երկարաժամկետ տեսլականն ու բարենպաստ էկոհամակարգի ստեղծման հիմքերը:

Դեսպանն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության զարգացումն առաջնահերթությունների շարքում է: Այս համատեքստում դեռևս 2023 թվականին կազմակերպվել էր Բելգիայի Թագավորության տնտեսական առաքելության այցը Հայաստան, որի շրջանակներում բելգիական և հայկական ընկերությունները հնարավորություն են ունեցել հանդիպելու և քննարկելու համագործակցության հնարավոր եզրերը»,- գրել է նախարարը։