Կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց. ՃՈ պետի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Ոստիկանություն

Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը Վերջին զանգին ընդառաջ ուղերձով է հանդես եկել: Ուղերձում ասվում է.

«Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է:
Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի որևէ միջադեպ չմթագնի մեր երեխաների համար այդքան կարևոր օրվա պայծառությունը:

Առաջին հերթին կոչ եմ անում շրջանավարտներին ձեռնպահ մնալ մեքենա վարելուց:
Ծնողներին խնդրում և հորդորում եմ՝ տրանսպորտային միջոցներ մի տրամադրեք անչափահասներին, նաև ձեր ներկայությամբ կանխեք արկածախնդրության հնարավոր դրսևորումներն ու հետևանքները:

«Վերջին զանգի» միջոցառման օրն առավոտից Ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումներն ուժեղացված ծառայություն են իրականացնելու դպրոցների մոտ ու միջոցառումների վայրերում: Մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները հասարակական կարգն ու մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հասարակական կարգի ցանկացած խախտման հանդեպ դրսևորվելու է խիստ ու անհանդուրժողական վերաբերմունք:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ շրջանավարտներին տոնի առթիվ և մաղթում անվտանգ ու անխոչընդոտ երթ կյանքի ճանապարհին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս