Ուսանողների հետ աշխատանքներ տանող կենտրոնի գոյությունը անհրաժեշտ է ԵՊՀ-ին․ Գագիկ Ղազինյան 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 17, 24News

Վահագն

Մամուլում վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը։ Լուրեր են շրջանառվում, որ կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին աշխատանքից ազատելու համար ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը և ներկա իշխանությունն ուզում են հասնել կենտրոնի լուծարմանը, քանի որ Վահագն Վարագյանը ՀՀԿ անդամ է։ 

Կենտրոնը լուծարելու առաջարկը ներկայացվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ դեռևս հունիսի 28-ին։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշել էր, որ ուսումնասիրել է վերոհիշյալ կենտրոնի գործառույթները ու կարծում է, որ նման կենտրոնի անհրաժեշտությունը չկա։ Վերջինս առաջարկել էր քվեարկության դնել կենտրոնը լուծարելու հարցը, սակայն կենտրոնը լուծարելու կամ այլ կենտրոնի միացնելու առաջարկները չեն ընդունվել բավարար քվե չհավաքելու պատճառով։

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը նախօրեին տեղեկացրեց, որ ԵՊՀ խորհրդի անդամներին անհատական քվեաթերթիկներ են ուղարկվել, որտեղ առաջարկվում է քվեարկել՝ կո՞ղմ են կենտրոնի փակմանը, թե՞՝ ոչ։    

24News-ը կապ հաստատեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանի հետ և փորձեց պարզել՝ անհրաժե՞շտ է այս կառույցը ԵՊՀ-ին, թե՞՝ ոչ։ 

«Ես առաջին անգամ եմ լսում, որ նիստ է կայացել կենտրոնը լուծարելու համար։ Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել այդ մասին։ Ինչ վերաբերվում է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնին, կարծում եմ, որ այդ կենտրոնի գոյությունն անհրաժեշտություն է»,- ասաց Արծրուն Ավագյանը։

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ կենտրոնի փակման հարցը պետք է քննարկվի նախ գիտական խորհրդում՝ համաձայն ԵՊՀ կանոնադրության։

«Ինձ հասած տեղեկություններով այդ հարցը գիտխորհրդում չի քննարկվել, այդ իսկ պատճառով էլ հոգաբարձուների խորհրդում չի ընդգրկվել օրակարգ։

Ինչ վերաբերվում է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու առաջարկով ԵՊՀ խորհրդի անդամներին անհատական նամակներ ուղարկելուն, երևի թե դա պետք է քննարկվեր նրանց ներկայությամբ, ոչ թե այսպես նամակներ ուղարկելով կամ կարծիք հարցնելով»,-ասաց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանը։ 

Գագիկ Ղազինյանը նաև նշեց, որ եթե հարցը վիճահարույց է, ապա ճիշտ կլինի՝  կարծիքներ լսեն։

«Նախորդ անգամ օրակարգում չի ընդգրկվել՝ հաշվի առնելով, որ եղել են կարծիքներ, որ չեն քննարկվել գիտական խորհրդում։ Հոգաբարձուների խորհրդի անդամներն ի վիճակի չեն եղել և օբյեկտիվորեն չէին կարող տիրապետել այն տեղեկատվությանը, որի հիման վրա որոշում պետք է կայացնեին՝ կենտրոն փակելու, բացելու և այլն, ուստի ճիշտ կլիներ, որ գիտական խորհրդի երաշխավորություն լիներ։  

Եվ այստեղ հեռահար ձևով կարծիք հարցնե՞լ՝ արդեն թող իրենք որոշեն։ Եթե տիրապետում են այդ ինֆորմացիային, որ կարող են որոշել՝ այո-ոչ, արդեն կլինի հոգաբարձուների խորհրդի խնդիրը»,-ասաց Ղազինյանը։

Մեր այն դիտարկմանը, թե քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է, թե՞՝ ոչ, Գագիկ Ղազինյանը պատասխանեց, որ հակված չէ հավատալու դավադրությունների տեսությանը, սակայն ոչինչ ժխտել չի կարող, իսկ կենտրոնի աշխատանքը Ղազինյանը ԵՊՀ-ի համար անհրաժեշտ և օգտակար որակեց։

«Ընդհանրապես ուսանողների աշխատանքը համակարգող որևէ կառույցի լինելը կարևոր է։ Ինքս շփվել եմ այդ կենտրոնի աշխատակիցերի հետ, և այդ կենտրոնի աշխատանքը պետք է համալսարանին։ Վերջին հաշվով ուսանողների համակարգված շահերը և խնդիրները բարձրաձայնելու համար այս կենտրոնի գոյությունը օգտակար կլինի»,- ասաց  Ղազինյանը։