Արցախի բանակում շտաբային մարզումներ են անցկացկել. խաղարկվել են մարտավարական դրվագներ

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 22, 24News

զինվոր

Ընթացիկ բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի մեկնարկային գործընթացների շրջանակներում օգոստոսի 22-ից 23-ը համապատասխան միջոցառումներ են իրականացվել նաեւ ՊԲ-ի վարչության սպայակազմի եւ միավորումների հրամկազմի ներգրավմամբ: Այդ մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն։

Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ, ՊԲ հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների եւ ծառայությունների պետերը ճշգրտել են իրենց անելիքները մարտական պատրաստականության համալիր գործընթացների ժամանակ, իսկ ապա նաեւ անց են կացվել շտաբային մարզումներ, որոնց ընդգրկվել են բանակի եւ միավորումների հրամկազմի ներկայացուցիչներն ու կառավարման մարմինները:

Իրականացված միջոցառման շրջանակներում համապատասխան զորային միավորների հրամանատարներն ու առանձին ոլորտի պատասխանատուներ հանդես են եկել զեկույցներով, խաղարկվել են օպերատիվ-մարտավարական իրադրության առկա եւ հավանական զարգացումներից բխող մարտավարական դրվագներ, փորձարկվել են այն բոլոր տեխնիկական միջոցները, որոնք վերջին շրջանում ներդրվել են ՊԲ-ի կառավարման համակարգում:

Ընդհանուր առմամբ 2019 թ. 2-րդ կիսամյակի մեկնարկը մեր երկրի պաշտպանական համակարգի բոլոր օղակներում կյանքի է կոչվել արդյունավետության բավականին բարձր մակարդակով: Իսկ իրականացված մարտական պատրաստականության համալիր մարզումները եւս մեկ անգամ փաստել են, որ բանակային բոլոր ստորաբաժանումները ունակ են արագ արձագանքել օպերատիվ-մարտավարական իրադրության բոլոր տեսակի զարգացումներին, կատարել համապատասխան վերլուծություններ, ընդունել ու իրագործել այնպիսի որոշումներ, որոնք այսուհետ եւս լիարժեք կերպով կապահովեն մեր երկրի անվտանգությունը: