Եվրախորհրդարանը դատապարտել է Թուրքիայում հիմնարար իրավունքների ոտնահարումը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, 24News

.

Եվրոպական խորհրդարանը (ԵԽ) որոշում է ընդունել, որով դատապարտել է Թուրքիայում ժողովրդի կողմից ընտրված տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնանկության և հոգաբարձուների նշանակման գործընթացը։ Ըստ որոշման՝ այդ կերպ ոտնահարվում է ժողովրդավարական իր գործառույթն իրականացնելու ընդդիմության իրավունքը։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկվել է Թուրքիայում քաղաքապետների պաշտոնանկության գործընթացը, ինչպես նաև վերջին շրջանում մարդու իրավունքների ոլորտում տեղի ունեցող զարգացումները։ Քննարկման արդյունքում ընդունվել է տարբեր քաղաքական ուժերի կողմից համատեղ կազմված մի փաստաթուղթ, որով Թուրքիային կոչ է արվել ազատ արձակել բանտերում գտնվող ընդդիմադիր գործիչներին։ Խստորեն դատապարտվել է հոգաբարձուների նշանակումը, ինչը, ըստ ԵԽ որոշման, վնասում է ժողովրդավարությանը։

ԵԽ-ն նաև անդրադարձել է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի ազատազրկմանը՝ պնդելով, որ իշխանությունները ընդդիմադիր գործչին դատապարտել են քաղաքական պատճառներով։ Ընդգծվել է, որ թուրք պաշտոնյաները սպառնալիքներ են հնչեցրել նաև այլ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ։ ԵԽ որոշման մեջ կոչ է արվել վերջ տալ նման սպառնալիքներին։

«Մենք մտահոգված ենք Թուրքիայում իրավական պետության և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների ոլորտում նկատվող հետընթացի պատճառով։ Դատապարտում ենք կամայական ձերբակալությունները, իրավական և վարչական հետապնդումները, ազատ տեղաշարժման սահմանափակումները, քաղաքական և հասարակական գործիչների, մտավորականների դեմ կիրառվող ճնշումները։ Մենք մտահոգված ենք ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով անորոշ մեղադրանքների հիման վրա ացկացվող հետաքննությունների ու ազատազրկումների պատճառով։

Թուրքիան պետք է ահաբեկչության դեմ պայքարի իր օրենքը համապատասխանեցնի մարդու իրավունքների միջազգային չափանիշներին։ Այդ օրենքը չպետք է կիրառվի իրենց խոսքի իրավունքից օգտվող անհատներին ու մամուլի ներկայացուցիչներին պատժելու համար։ Թուրքիան պետք է գործի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախադեպերին համաձայն։ Պետք է հարգանք ցուցաբերի ՄԻԵԴ-ի՝ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ ընդունած որոշման նկատմամբ», - ասված է ԵԽ որոշման մեջ։

Հավելենք, որ Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունեցած գրեթե բոլոր պատգամավորները խստորեն դատապարտել են Թուրքիայում բազմաթիվ քաղաքական գործիչների, լրագրողների ու մտավորականների բանտարկության փաստը։