Ջերմուկում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման հանրահավաք կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

1

Ջերմուկ քաղաքից, Գնդեւազ եւ Կեչուտ համայնքներից Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող բնակիչները, դասադուլ հայտարարած դպրոցականները, ինչպես նաեւ գործադուլ հայտարարած քաղաքացիները, Ջերմուկում գործող առողջարանների ու հյուրանոցների աշխատակիցները քայլերթով հասել են Ջերմուկի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան՝ այնտեղ հանրահավաք անցկացնելու համար։

Մի խումբ քաղաքացիներ էլ ավտոերթ են իրականացրել։ Բնակիչների խոսքով՝ այսօրվանից սկսում են Ամուլսարի շահագործման դեմ խաղաղ անհնազանդության ակցիաներ։ Այսօրվա միջոցառումների թվում են՝ հեծանվաերթ՝ «Ամուլսարը մնալու է սար՝ հենց Քո՛ շնորհիվ, Քայլ արա՝ հեծանիվ քշիր» կարգախոսով, մոտոերթ՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, Մանկասայլակներով երթ, Ամուլսարի պաշտպանները ֆլեշմոբեր են իրականացնում՝  փակցնելով «ԱմուՐսար», Save Amwulsar գրառմամբ պաստառներ։

Հիշեցնենք, որ Ամուլսարի պաշտպանները սեպտեմբերի 20-ը հռչակել էին բնապահպանական մոբիլիզացիայի եւ արդարության օր և որպես երկրի կառավարության համար այն վերջնաժամկետը, երբ որոշում պետք է կայացվի Ամուլսարի մասին։