Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

1

«4-5 ամիս է նախագահող դատավորն ամեն ինչ անում է, որ Մանվել Գրիգորյանի գործը չքննվի ողջամիտ ժամկետներում»,-հոկտեմբերի 1–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում հայտարարեց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը և հերթական անգամ միջնորդեց դատարանին՝ գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին՝ գրավի գումարը սահմանելով մինչեւ 5 մլն դրամը։

«Տասնյակից ավելի դատական նիստեր են տեղի ունեցել, որտեղ Գրիգորյանի մասնակցությունը չի ապահովվել։ Նման պայմաններում խոսք լինել չի կարող անձին կալանքի տակ պահելու մասին։ Այս ամիսների ընթացքում ներկայացված բժշկական փաստաթղթերը փաստում են, որ կալանք կրելու ընթացքում Գրիգորյանի հիվանդությունները բացասական դինամիկա են արձանագրել։ Նման պայմաններում անձի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում։ Այսօր նժարին դրված է անձի առողջությունը, եւ պետք չէ բժիշկ լինել, տեսնելու համար, որ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարանում է»,–հայտարարեց պաշտպանը՝ միջնորդելով փոխել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցով։

Մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանն արձանագրեց, որ միջնորդությունը չի տարբերվում նախորդ դատական նիստերում ներկայացված միջնորդություններից, հիմքերը նույնն են, ինչի պարագայում միջնորդությունը ենթակա է մերժման։

Այսպիսով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news