Վահագն Հովակիմյանը վստահեցնում է՝ Հրայր Թովմասյանի հարցի լուծման տարբերակներ կան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 15, 24News

Վահագն Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ անգամ չէր բացառում, թե Սահմանադրական դատարանը կարող էր վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը։

«Քանի որ դիմումի ընդունումը հանրային դժգոհություն կարող էր առաջացնել, ՍԴ-ն որոշեց ընդհանրապես վարույթ չընդունել և վերջ: Երբ որոշումը կհրապարակվի, կտեսնենք, թե ինչ հիմքով են մերժել դիմումը: Իրենք կարող են ասել՝ մածունը սև է և փորձել դա վերածել դիրքորոշման, դրանով հրաժարվել գործը վարույթ ընդունել»,- ասաց նա։

Ըստ Հովակիմյանի՝ ՍԴ անդամների կենսագրությունը վկայում է այն մասին, որ նրանք զբաղված են ՀՀ իրավական դաշտն աղավաղելով։

Պատգամավորը հրաժարվեց ներկայացնել իրենց հետագա քայլերը, սակայն վստահեցրեց, որ խնդրի լուծման տարբերակներ ունեն։

«ԱԺ-ն չի կարող ձեռքերը ծալած նստել, սպասել, թե ինչպես հանրային վստահություն չունեցող ՍԴ-ն կշարունակի ՀՀ իրավական դաշտը ըստ կամայականությունների աղավաղել»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ԱԺ-ն ունի անհրաժեշտ գործիքակազմ, որը կլուծի Հայաստանի կյանքում ի հայտ եկած ցանկացած խնդիր։