Անտաշ հռետորաբանությունը վկայում է հեղինակի կուլտուրայի մակարդակի մասին․ «Լազարյան ակումբ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

1

«Լազարյան ակումբի» խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերի խեղաթյուրման մասին»։ Հայտարարության տեքստը՝ ստորև.

««Լազարյան ակումբի» խորհուրդն իր պարտքն է համարում արձագանքել Ադրբեջանի պաշտոնատար անձանց եւ առանձին քաղաքացիների սադրիչ արշավին, որը սանձազերծվել է մի շարք ԶԼՄ-ներում մեր գործընկեր՝ «Լազարյան ակումբի» ստեղծման կազմկոմիտեի նախագահ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի ելույթի հետ կապված՝ Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում, որը տեղի է ունեցել այս տարվա հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում։

Մենք չենք պատրաստվում դատարկ բանավեճի մեջ մտնել քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնց նպատակը Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների խզումն է։ Ագրեսիվ եւ անթույլատրելի անտաշ հռետորաբանությունը, սպառնալիքները եւ ահարկումները Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Կ.Ֆ. Զատուլինի հասցեին, որն օգտագործում են ադրբեջանական լրատվամիջոցներում, վկայում են  այդ պատվիրված հոդվածների հեղինակների կուլտուրայի մակարդակի մասին։ Թողարկված նյութերի ոճաբանությունը, որոնցում բացահայտ ստում են եւ խեղաթյուրում Զատուլինի խոսքերը, ոչ մի քննադատության չի դիմանում։

Հիստերիան ցայտուն վկայում է ընդդիմախոսների փաստարկների բացակայության մասին, որոնք չեն ցանկանում խաղաղություն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին։ Ոչ մի փաստ, ոչ մի ճշմարտացի խոսք, ահա թե ինչն է բնութագրում բոլոր նյութերը, որոնք ասես մեկ հրամանով թողարկվել են մի շարք ԶԼՄ-ներում Արցախ Զատուլինի այցից անմիջապես հետո։ Այս ֆոնին օրինաչափ հարց է առաջանում. ինչո՞ւ նման արձագանք ադրբեջանական կողմում չի առաջացրել Լեռնային Ղարաբաղ Ֆրանսիայի, Գերմանիայի կամ ԱՄՆ ներկայացուցիչների այցը։ Պատասխանն ակներեւ է. ակնբախ են երկակի չափորոշիչների քաղաքականությունը եւ շողոքորթություններն արեւմտյան գործընկերների առջեւ։

Բոլոր նրանք, ովքեր կծանոթանան Կոնստանտին Ֆյոդորովիչի ելույթի սղագրությանը, որը մենք տեղադրել ենք մեր կայքում http://lazarevsky.club, կարող են անաչառ գնահատել, որ նրա խոսքերը խղճի ու արդարության մասին, առանց որոնց անհնար է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի լուծումը, համընդհանուր ընդունված սկզբունքներ են։ Որոնց թվում է նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այն նույն իրավունքը, որը ոչ ոք չի կարող խլել Արցախի ժողովրդից։

Ռուսաստանը միշտ  հանդես է եկել ցանկացած հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, մանավանդ այնպիսի բարդ հակամարտությունում, ինչպիսին ղարաբաղյանն է։ Միեւնույն ժամանակ, պատգամավոր Զատուլինը, արտահայտելով սեփական կարծիքը, երբեք իրեն չի վերապահել այս թեմայի վերաբերյալ ամբողջ Ռուսաստանի անունից խոսելու իրավունքը, ինչպես դա համատարած անում են ոչ միայն ընդդիմախոսները Ռուսաստանում, այլեւ, ինչը զարմանալի չէ, Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչները։ Զատուլինը միշտ  հանդես է եկել հակամարտության բացառապես խաղաղ լուծման օգտին։

Արժի հիշատակել Զատուլինի խաղաղարար գործունեությանը Պետդումայի որոշ ընդդիմադիր պատգամավորների կողմնակալ արձագանքը: Պատգամավորի այս գործընկերները առանց որեւիցե հիմնավորման ձգտում են մերժել ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմայով ելույթ ունենալու նրա իրավունքը՝ պնդելով, որ նրա դիրքորոշմանը Պետական դուման համաձայն չէ եւ նույնիսկ ընդհանրապես ռուսական պետությունը: Ի՞նչ նպատակով: Նրանց ձեռնտու չէ՞ Զատուլինի խաղաղության կամ «ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման» կոչը, ինչի մասին Զատուլինը խոսել է Ստեփանակերտում: Նրանք որտե՞ղ են գտել դրա ժխտումը Ռուսաստանի՝ որպես միջնորդի դիքորոշման մեջ: Եվ ե՞րբ ու ո՞վ է Պետական դումայում քվեարկել ղարաբաղյան կարգավորման այս կամ այն տարբերակի օգտին:

Քաղաքականացված լրատվամիջոցներում Զատուլինի վրա զայրացած հարձակումների ալիքը խոսում է այն մասին, որ «Լազարյան ակումբի» անդամների ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար արդարացի նախադրյալներ ձեւավորելու ուղղությամբ աննկատ չեն մնացել: Ոչ անտարբեր մարդկանց կողմից ստեղծված ակումբը իր նպատակները չի փոխի: Մենք նաեւ ռուս-ադրբեջանական հարաբերություններում սեպ խրելու մտադրություն չունենք: Մեր ընդհանուր խնդիրն է լայն հանրության բանավեճերի միջոցով ձգձգված եւ ցավագին ճգնաժամից ելքի համատեղ ճանապարհներ գտնելը, որպեսզի Կովկասի ժողովուրդները երկար տարիներ խաղաղություն, կայունություն ձեռք բերեն եւ ապագային վստահաբար նայեն: Պահպանում ենք հույսը, որ մեր բարի մտքերը եւ գործերը արժանի ընկալում եւ աջակցություն կունենան Հայաստանում եւ Ադրբեջանում սթափ դատող մարդկանց շրջանում:

Մեդիա տարածքում ռուսաստանցի քաղաքական գործիչ, պատգամավոր եւ մեր գործընկեր Կոնստանտին Ֆյոդորովիչ Զատուլինի դեմ մերկապարանոց արշավն ապացուցում է իրադարձությունները լուսաբանելիս լրատվամիջոցների օբյեկտիվության խնդիրների հրատապությունը: «Ռուս-հայկական երկխոսությունը 2 երկրների արդիական սոցիալական, քաղաքական գործընթացում: Ռուսաստանի եւ Հայաստանի լրատվամիջոցներ. անկեղծ զրույց» թեման առանցքային կլինի «Լազարյան ակումբի» երրորդ նիստում, որը տեղի կունենա Երեւանում 2019 թվականի դեկտեմբերի առաջին կեսին»:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news