Վլադիմիր Կարապետյանը չհերքեց նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին լուրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

քաղաքական

Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը 24News-ի հետ զրույցում չհերքեց այն տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

«Վաղը վարչապետը խորհրդարանում հանդես կգա այդ մասին հայտարարությամբ», - նշեց Կարապետյանը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել։

Հիշեցնենք, որ Hetq.am-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։

Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ  ստացած տեղեկությունը ստուգելու համար Hetq.am-ը նախ գրավոր հարցմամբ դիմել էր երեք նախարարությունների։ Ինչից հետո ստացել էր  աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ մայիս-օգոստոս ամիսների տվյալները։ Մի նախարարության դեպքում նույն թվով աշխատակիցների պարագայում աշխատավարձային ֆոնդի էական տարբերություն կար։

Օրինակ՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին միասին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ, նույնը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեպքում էր։ Եթե աշխատավարձի թիվը բաժանում ենք 4 ամիսների միջև, ստանում ենք ամիսը 1.5 միլիոն դրամ։

Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։

Հիշեցնենք նաև, որ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը ասյ թեմայով հայտնել էր, որ բարձրացված հարցն իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։