Տավրոս Սափեյանը «Թալին» ՋՕԸ-ում հնչած կրակոցի գործով ներգրավվել է որպես կասկածյալ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի «Թալին» ՋՕԸ-ում օրեր առաջ հնչած կրակոցի գործով որպես կասկածյալ է ներգրավվել Տավրոս Սափեյանը։ 24News-ն այս մասին տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանից։ Վերջինս նաև նշեց, որ Տավրոս Սափեյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում գտնվող «Թալին» ՋՕԸ-ի վարչական շենքում վիճաբանություն էր եղել, որի ժամանակ հնչել էր կրակոց: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկության՝  գրասենյակ են ներխուժել Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամներ Սափեյան եղբայրները՝ իրենց որդիների հետ, ու զենքի սպառնալիքով փորձել իրենց կրտսեր որդուն նշանակել պետի տեղակալ: Սկսվել է վիճաբանություն, որին հաջորդել է կրակոց: Կրակել են ՋՕԸ-ի աշխատակիցներից մեկի ուղղությամբ և դիմել փախուստի։

Հիշեցնենք նաև, որ նույն օրը 24News-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Մկրտիչ Սափեյանը հերքել էր իրենց մասնակցությունը դեպքին․ «Չէ՛, չէ՛, մամուլը շատ բան կգրի, չի էղել տենց բան։ Մամուլը ստից գրել ա»։Հասմիկ Կիրակոսյան