ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետի խոսնակի պարզաբանումները՝ Դալմայի հնձանի քանդման մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

1

«Հենց նոր ահազանգ ստացա Դալմայի այգեգործներից, որ այս հնձանը քանդվում է:
«Այդպես է կարգադրված». պատասխանել են այգեգործներին: Ուղղակի հիշեցնեմ, որ 16-17-րդ դարերի էին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Մերի Չաքրյան և հրապարակել է լուսանկարներ:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանն արձագանքելով ահազանգին, նշել է. «Ի պատասխան մամուլում տարածված տեղեկության, թե Դալմայի այգիների տարածքում քանդվել է պատմական շինություն, հայտնում ենք, որ ըստ նախնական տեղեկության` այդ վայրում հաշվառված հուշարձան մեր ցանկերում չկա: Վաղը մասնագետները տեղում կուսումնասիրեն բարձրացված հարցը: Լրացուցիչ կտեղեկացնենք»:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն իր հերթին անդրադառնալով ահազանգին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։

Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։

Պատճառը թերևս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան։

Եվս առնվազն 2-3 կիսավեր հնձաններ կան։ Կարծում եմ՝ դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երևանի պատմության վկայությունն են»։

1
1