Շենգավիթում բացվել է Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

/

Կարմիր ժապավենի կտրման արարողությամբ դեկտեմբերի 11-ին ազդարարվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շենգավիթի Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացումը: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նորաբաց կենտրոնը մեկ պատուհանի սկզբունքով սոցիալական ծառայություններ կմատուցի տարեկան ավելի քան 15.000 քաղաքացու։

«Համաշխարհային բանկի աջակցությամբ՝ մենք համալիր սոցիալական ծառայությունների տարածքային հերթական կենտրոնն ենք բացում Երևանում, որը պետք է ծառայություններ մատուցի տարեկան ավելի քան 15000 քաղաքացու։ Մեզ համար շատ կարևոր է ՀՀ քաղաքացու համար արժանապատիվ աշխատանքի պայմաններ ստեղծելը, ինչպիսիք ստեղծված են այստեղ։ Շնորհակալ եմ Համաշխարհային բանկին այս նպատակով ՀՀ կառավարության կողքին լինելու համար, որովհետև մենք այսպիսի կենտրոններ պետք է ունենանք Հայաստանի բոլոր մարզերում»,- տարածքային կենտրոնի բացման արարողակարգի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները ևս բարձր են գնահատել նախարարության ջանքերը՝ ուղղված սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ շեշտելով համալիր սոցիալական ծառայությունների կարևորությունը․

«Վերջին տասնամյակի ընթացքում Համաշխարհային բանկն աջակցություն է տրամադրել երկրում համալիր սոցիալական ծառայությունների ապահովմանը՝ նմանատիպ կենտրոնների ստեղծման միջոցով։ Այս կենտրոնները ստեղծվում են՝ փոխարինելու առանձին-առանձին մատուցվող ծառայություններին։ Կարծում ենք, որ համալիր սոցիալական ծառայությունների տրամադրման հարցում միասնական գործակալությունը շատ կարևոր դերակատարում կունենա»,- ասել է ՀԲ հարավկովկասյան տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։   

Համալիր սոցիալական ծառայությունների համակարգը ենթադրում է սոցիալական 4 ծառայության (սոցիալական ապահովության տարածքային բաժին, զբաղվածության տարածքային կենտրոն, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, սոցիալական աջակցության տարածքային գործակալություն) տեղակայում մեկ վայրում:

 Համակարգի միջոցով սոցիալական պաշտպանության ոլորտի և այլ գերատեսչությունների տեղեկատվական շտեմարանները նախատեսվում է ինտեգրել մեկ էլեկտրոնային հարթակում, ինչը հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ մարդու և ընտանիքի սոցիալական վիճակը նկարագրող հնարավոր բոլոր տվյալները: Այն հնարավորություն կընձեռի սոցիալական կարիքին վերաբերող դիմումի ստացման դեպքում տրամադրել անհատական կարիքներից և կոնկրետ իրավիճակից բխող մեկ համալիր պատասխան:

Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում արդեն կառուցվել է ՀՍԾ 9 տարածքային գրասենյակ, ևս 6-ը գտնվում են շինարարության փուլում: 6 գրասենյակի համար ընթանում է մրցութային գնահատման գործընթաց, 10-ը՝ նախագծման փուլում են, 4-ը՝ տարածքի հատկացման և փաստաթղթավորման:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս